Հոգեհանգստի արարողությունը տեղի է ունեցել հուլիսի 16-ին, Տու-154 ինքնաթիռի ընկնելու վայրում։ Հայաստանի կառավարության ժամանակավոր հանձնաժողովի հաղորդմամբ, արարողությանը մասնակցել են հայ առաքելական եկեղեցու Թեհրանի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Սեպուհ Սարգսյանը, Իրանի հայկական համայնքի ներկայացուցիչներ եւ Իրանում Հայաստանի դեպանատան անդամներ։ Հայաստանից ավիավթարի վայր են մեկնել նաեւ զոհվածների հարազատները։

Կիրակի՝ հուլիսի 19-ին, Թեհրանի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցում կմատուցվի պատարագ եւ կկատարվի զոհվածների հոգեհանգստյան արարողություն՝ Թեհրանի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Սեպուհ Սարգսյան գլխավորությամբ։

Հիշեցնենք, որ երեկ Իրանի տարածքում, տեղական ժամանակով ժամը 11.33-ին վայր է ընկել «Caspian airlines»-ին պատկանող 7908 չվերթն իրականացնող ՏՈՒ-154 ուղեւորատար ինքնաթիռը, որում եղել է 168 մարդ, այդ թվում ինքնաթիռի 15 հոգանոց անձնակազմը: Նրանք բոլորը զոհվել են: Ուղեւորների թվում եղել են տասնյակ հայեր, որոնցից 5-ը ՀՀ քաղաքացիներ, այդ թվում՝ ինքնաթիռի 2 ավիատեխնիկները: