Նորվեգացի ահաբեկիչ Բրեյվիկն, այսօր` ապրիլի 25-ին, դատարանի դահլիճում առաջին անգամ հանդիպել է իր գործողություններից տուժած մարդու: Վկայություններ է տվել Օսլոյի կառավարական թաղամասում ռումբի պայթյունից հետո կենդանի մնացած 26-ամյա նորվեգացին, ով արդեն հինգ անգամ վիրահատվել է:

Վկան հենակներով է քայլում: Նա խոստովանել է, որ ահաբեկչությունից հետո վախենում է բարձր եւ կտրուկ ձայներից: Երիտասարդը պատմել է, որ հիշում է պայթյունն ու կրակը: Նա բնազդաբար փակել է դեմքը եւ գլուխը: «Շատ-շատ շոգ էր, ականջներում անընդհատ դժժոց էր, շուրջն ամեն բան ավերվել էր: Ես միանգամից մտածեցի, որ դա ռումբ է»,-ասել է վկան:

Նրա խոսքով, ինքը փորձել է օգնել մի տղամարդու, բայց պարզել է, որ ինքն էլ արյան մեջ է: «Ինձնից արյուն էր հորդում: Իմ կապույտ ջինսը կարմիր էր դարձել: Ես պառկած օգնություն էի կանչում եւ մտածում, որ կմեռնեմ, եթե ոչ ոք չգա»,-դատարանում ասել է վկան:

Դատարանում ահաբեկչությունից հետո արված տեսանյութ է ցուցադրվել, որտեղ երեւում է նաեւ վկան, ամբողջությամբ արյան մեջ թաթախված:

Twitter-ի իր էջում նորվեգացի թղթակիցը գրել է, որ դատարանում վկան գտնվելով Բրեյվիկից մի քանի մետր հեռավորության վրա, իրեն շատ սառնասիրտ է պահել եւ ահաբեկչի հանդեպ ցասումի ոչ մի նշան ցույց չի տվել:

Բրեյվիկը վկայի սարսափելի պատմությունը լսել է անտարբեր, սառը եւ լուրջ դեմքով: Նրան դատարանի դահլիճում հետեւել են 4 հոգեբույժներ, քանի որ նրա մեղսունակության հարցը դեռ բաց է մնում:

Բրեյվիկը իր խոսքում, հանկարծակի խոստովանել է, որ իր համար դժվար է լսել վկաներին եւ ահաբեկչությունից հետո արված տեսանյութերը: Սակայն քիչ անց նա սկսել է քննադատել իշխող «Աշխատավորական կուսակցությանը», մեղադրելով նրան ներգաղթյալների առաջ երկրի դռները բացելու մեջ: Ահաբեկիչը պահանջել է իշխող կուսակցությունից ներողություն խնդրել: