«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայումս ուսումնասիրում է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանի առաջարկած քաղաքակիրթ ընտրությունների անցկացմանը միտված կանոնները: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը:
«Մենք դեռ ուսումնասիրում ենք եւ առաջիկա երկու օրերի ընթացքում մեր պատասխանը կհայտնենք»,- ասել է Սաֆարյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք իրենք միանալո՞ւ են կանոններին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Դավիթ Հարությունյանի առաջարկած «Ընտրությունների ժամանակ քաղաքակիրթ մրցակցություն ապահովող կանոններ» փաստաթղթին առայժմ միացել է միայն «Օրինաց երկիր» կուսակցությունը:
Փաստաթղթի շուրջ քննարկումներ են ընթանում «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր», Հայ հեղափոխական դաշնակցություն, Հայաստանի Դեմոկրատական եւ Հայաստանի Կոմունիստական կուսակցությունների ներկայացուցիչների միջեւ: Հանդիպումները կայացել են ապրիլի 14-ին, 17-ին, 19-ին, 23-ին եւ 25-ին :
Ավելի վաղ ՀՀԿ գործադիր մարմինն ուղերձ էր հղել կուսակցության բոլոր անդամներին, որտեղ կոչ է արել նրանց ուսումնասիրել քաղաքակիրթ ընտրություններ անցկացնելու կանոնները եւ գործադրել դրանք ընտրական գործընթացներում:



























