Վերջին տարիներին «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը զիջել է իր դիրքերը, որի վկայությունը դեկտեմբերին կայացած Պետդումայի ընտրությունների արդյունքներն էին: Այս մասին «Ինտերֆաքսին» ասել է կառավարող «Եդինայա Ռոսիայից» Պետդումայի երկարամյա փոխխոսնակ Լյուբով Սլիսկան`մեկնաբանելով կուսակցությունից դուրս գալու իր քայլը:
«Վերջին չորս տարիներին ինձ կուսակցական աշխատանքներում չեն ներգրավել, ես կուսակցության համար ոչ պիտանի եմ դարձել, ինչպես եւ նա` ինձ համար, այդ իսկ պատճառով ես անդամությունս շարունակելու իմաստ չեմ տեսնում»,-ասել է Սլիսկան` ճշգրտելով, որ դեռ մարտի 5-ին դիմում է գրել կուսակցությունից դուրս գալու եւ խորհրդի անդամի լիազորությունները վայր դնելու մասին:
«Վերջին չորս տարիներին կուսակցության ներսում բացասական գործընթացներ են տեղի ունեցել` ներկուսակցական քննարկումների բացակայություն, վերեւից իջեցվող օրինագծերի դակում»,-ասել է Սլիսկան:




























