Տավուշի մարզի Դովեղ գյուղում, այսօր` ապրիլի 25-ին, շուրջ 2 ժամ չդադարած կրակահերթը սարսափի մեջ է պահել ամբողջ գյուղը: NEWS.am-ի Տավուշի թղթակցին գյուղում պատմել են, որ կրակահերթն սկսել է առավոտյան 10:00-ի սահմաններում ու տեւել 2-3 ժամ, ըստ բնակիչների` կրակահերթի կիզակետում գտնվել է գյուղի հրապարակը, որտեղ գործում է նաեւ մանկապարտեզը: Բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան: Կրակոցներից արձակված փամփուշտից վնասվել է մանկապարտեզի շենքը եւ դրան հարակից կայանված «ԳԱԶ 53» մակնիշի 58 ԼՏ 289 համարանիշի բեռնատար ավտոմեքենան:
Բնակիչները նշել են, որ մինչ այս պահը գյուղում միշտ էլ կրակոցներ լսվել են, այս դեպքը սակայն, ըստ նրանց, աննախադեպ էր: «Չենք կարողանում դաշտերը գնալ, հողամասերը մշակել, սաղ գյուղը վախեցած ա»,-պատմեցին բնակիչները:
«ԴՇԿ տիպի զենքով են կրակել, մանկապարտեզի ու դպրոցի երեխեքին մի կերպ տարհանեցինք` անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ հենց մանկապարտեզի վրա էր նշանակետը».- նշեցին նրանք:
Կրակոցից վնասված մեքենայի սեփականատիրոջ`Մհեր Մեհրաբյանի պատմելով առաջին կրակոցը դիպել է հենց մեքենային: «Մեքենան կանգնած էր մանկապարտեզի կողքին, որից մոտ 10 մ հեռավորության վրա էլ եղբարս էր կանգնած, մեկ էլ տրաքոց լսվեց, գնացինք տեսանք դուռը փամփուշտը ծակել է, հետո կպել մարտկոցին ու տրաքացրել: Մարտկոցի միջի սաղ կիսլատան թափվել է, ավտոն տեղափոխեցինք, էդ ժամանակ մի հատ կրակոց էլ մանկապարտեզի պատին կպավ»,-ասաց նա:
Մեքենայի վարորդը պատմում է, որ սա պարզապես հրաշք է, որ զոհեր ու վիրավորներ չկան: «Հրաշք է, բա ինչ է, հեչ չլինի ախպերս ավտոյից մի քանի մետր էր էն կողմ, իրեն հաստատ կդիպչեր, ես էդ պահին տան վրա էի գտնվում»,-ասաց նա:
Բնակիչների պատմելով, իրենք տեղյակ են պահել գյուղապետին, գյուղապետն էլ համապատասխան մարմիններին, որոնց հետ միասին նախազգուշական միջոցառումներ են իրականացրել: «Պարտեզը գտնվում է վտանգավոր գոտում, դպրոցի տեղը քիչ վտանգավոր էր, բայց որպեսզի մեծ կուտակումներ չլինեին, դպրոն էլ տարհանեցինք»,-ասաց նա, հավելելով, որ անմիջապես տեղեկացվել են նաեւ այդ պահին արտերում աշխատող մարդկանց:
Դովեղ համայնքի բնակիչ Ռուդիկ պապը NEWS.am-ի Տավուշի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ եթե այսպես շարունակվի, ապա լուրջ վնաս կհասցվի գյուղատնտեսությանը, քանի որ սարսափած գյուղացիները չեն գնում հողամասերը մշակելու, ասաց նա, դժվարանալով ասել, թե որն է խնդրի լուծումը:
Պատրաստեց` Էդվարդ Արզումանյանը







Լուսանկարները` հեղինակի











