Եգիպտոսի նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիկը վերականգնվել է նախագահի պաշտոնի թեկնածուի կարգավիճակում: Նրա թեկնածությունը կրկին հաստատել է ընտրական հանձնաժողովը:

Նախկին վարչապետը բողոքարկել էր հանձնաժողովի նախկին որոշումն իր որակազրկման մասին, հայտարարելով, որ խորհրդարանի ընդունած փոփոխություններն ուժի մեջ են մտել այն բանից հետո, երբ նա ավարտել էր որպես թեկնածու գրանցվելու գործընթացը: Մի շարք փորձագետներ կարծում են, որ Շաֆիկը կարող  է հույս դնել զինվորականների աջակցության վրա, հայտնում է   «Էխո Մոսկվի» ռադիոկայանը:

Ինչպես հայտնել էր   NEWS.am-ը, ապրիլի 25-ին Եգիպտոսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտակարգ հանդիպման ընթացքում որոշում էր ընդունել` կայանալիք նախագահական ընտրությունների մասնակցությունից հեռացնել վարչապետ Ահմեդ Շաֆիկին:  Մեկ օր առաջ,  Զինված ուժերի Գերագույն խորհրդի հաստատումից հետո Եգիպտոսում պաշտոնապես ուժի մեջ էին մտել   «Քաղաքական մեկուսացման մասին» անվանմամբ օրենքի փոփոխությունները, որոնք առաջիկա 10 տարում քաղաքական կյանքից բացառում են նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի ժամանակաշրջանի քաղաքական հայտնի գործիչներին:Եգիպտոսի նախագահի պաշտոնին են հավակնում ավելի քան  10 մարդ: Նախընտրական քարոզարշավի ժամանակ կրոնական կոչերի օգտագործումն արգելված է: Ընտրությունները տեղի կունենան մայիսի 23-ին: