Քալիֆորնիայում ծառայություն անցնող ծովային զինվորականը հեռացվել է ԱՄՆ-ի զինվորական շարքերից Facebook-ի էջում Օբամային քննադատելու համար: Ծովային ուժերի հրամանատարությունը հաստատել է 26-ամյա Գերի Սթայնի հեռացումը «այնպիսի հայտարարույթւոնների համար, որը հարիր չէ զինվորականին»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր  NEWS.am-ը, սերժանտ Գերի Սթայնը ծառայությունից հեռացվել էր այն բանի համար, որ  Facebook-ում  «Զինված ուժերի թեյային կուսակցություն» էջ էր բացել, որում քննադատել էր ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի քաղաքականությունը: Ավելի ուշ այդ մեկնաբանությունները ջնջվել էին:

Իր էջում ամերիկյան նախագահի ծաղրանկարը տեղադրած եւ նրան ԱՄՆ-ի արտաքին եւ ներքին տնտեսական թշնամի անվանած սերժանտի նկատմամբ սկսվել է ծառայողական հետաքննություն:

Սթայնի փաստաբանները դիմել են Սան Դիեգոյի դաշնային դատարան, նշելով, որ զինվորականի արտահայտած կարծիքը պաշտպանված է  ԱՄՆ-ի Սահմանադրության առաջին փոփոխությամբ: Սակայն դատավորը հրաժարվել է  վերանայել գործը, հայտարարելով, որ խոսքը անվտանգության եւ նախկինում  տրված երդման մասին է:

«Խոսքի լիակատար ազատությունը չի վերաբերում զինվորական համազգեստով մարդկանց, եթե նրանց  արտահայտած մտքերը խախտում են  կարգուկանոնը եւ  երկրի զինված ուժերի գերագույն հրամանատարի վստահությունը, - նշել է դատավորը: - Այդ հարցը պետք է վերանայի հրամանատարությունը», հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Գերի Սթեյնը ծովային ուժերում ծառայում էր 10 տարի, նա Իրաքի պատերազմի վետերան է: