Սիրիայում ՄԱԿ-ի միջազգային դիտորդական առաքելությունը  կգլխավորի նորվեգացի գեներալ Ռոբերտ Մուդը: Նրա թեկնածությունը Անվտանգության խորհրդում առաջարկել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Հիշեցնենք, ապրիլի սկզբին ՄԱԿ-ի  եւ Արաբական երկրների լիգայի հատուկ պատվիրակ Քոֆի Անանը Մուդին հանձնարարել էր Դամասկոսում սիրիական իշխանությունների հետ բանակցություններ վարել ՄԱԿ-ի դիտորդների տեղակայման վերաբերյալ: Լրատվամիջոցների վկայություններով` Մուդին հաջողվել է պայմանավորվածության գալ իշխանությունների հետ  խնդրահարույց գոտիներում 200-250 խաղաղարարների տեղակայման վերաբերյալ:

Նա ուղեւորվել է Ժնեւ, որպեսզի արձանագրության նախագիծը ներկայացնի Անանի հաստատմանը, սակայն Դամասկոս չի վերադարձել: Նրան փոխարինել է գնդապետ Ահմեդ Հիմիշը:

Այժմ ՄԱԿ-ը պատրաստվում է երեք ամսով Սիրիա ուղարկել մոտ 300 ռազմական դիտորդների: Նախորդ շաբաթ Սիրիա է մեկնել ՄԱԿ-ի դիտորդների առաջին խումբը` կազմված 30 հոգուց, որոնք պետք է վերահսկեն, թե ինչպես է կատարվում ՄԱԿ-ի  եւ ԱԵԼ-ի հատուկ պատվիրակի առաջարկած ճգնաժամի կարգավորման նախագիծը: