Պակիստանի Գերագույն դատարանը վարչապետ Յուսուֆ Գիլանիին մեղավոր է ճանաչել դատական ատյանի պահանջները չկատարելու մեջ եւ բավական արտասովոր պատիժ նշանակել. Գիլանին պետք է հենց դատարանի դահլիճում մի քանի րոպե վերահսկողության տակ մնար:

Բանն այն է, որ Գիլանին հրաժարվել է  վերսկսել 2007թ. փակված քաղաքական վերնախավի մի շարք ներկայացուցիչների, այդ թվում` նախագահ Ասիֆ Ալի Զարդարիի նկատմամբ հարուցված կոռուպցիոն գործերը:

Դեռ  2009թ. դեկտեմբերին երկրի Գերագույն դատարանը 2007թ. համաներումը, որն ընդունել էր այն ժամանակ Պակիստանի ռազմական առաջնորդ գեներալ Փերվեզ Մուշարաֆը, ճանաչել էր հակասահմանադրական:

Հրամանագրով համաներում էին ստացել քաղաքական գործիչները  եւ ընդդիմադիր կուսակցությունների նախկին պաշտոնյաները, որոնց նկատմամբ քրեական գործեր էին հարուցվել: Այդպիսով, նրանք կարողացան հայրենիք վերադառնալ եւ մասնակցել խորհրդարանական ընտրություններին, որոնք նպատակաուղղված են  Պակիստանը ռազմական ուղղվածությունից փոխարինել  քաղաքացիականի, հիշեցնում է «Ռոսիսկայա գազետան»:

Անձամբ Գիլանին իր արարքը բացատրել է նրանով, որ նախագահն իրավաբանորեն անձեռնմխելի է այնքան ժամանակ, որքան զբաղեցնում է պաշտոնը: