Ամերիկուհին երկվորյակ է ունեցել մահվանից մեկ ամիս անց: Բժիշկներն ամբողջ մեկ ամիս պահպանում էին կյանքը նրա օրգանիզմում, որպեսզի երկու փոքրիկներին ծնվելու հնարավորություն տային: Զույգը ծնվել է ապրիլի 5-ին` ժամկետից երեք ամիս առաջ:
Նիկոլաս եւ Ալեքսանդր Բոլդենները, որոնք մեկ կգ-ից քիչ են կշռել լույս աշխարհ գալիս, ծննդյան պահից գտնվում են Միչիգան նահանգի Գրենդ Ռեփիդս քաղաքի Հելեն Դեւոս հիվանդանոցի հատուկ ինկուբատորում:
Տղաների մայրը` 26-ամյա Քրիստինա Բոլդենը, մահացել էր մարտին` ուղեղի անեւրիզմից: Այնուամենայնիվ, բժիշկները որոշել էին վտանգավոր քայլի դիմել եւ անցկացնել ծննդաբերությունը վախճանված կնոջ հարազատների խնդրանքով:
Բժիշկները մտավախություն ունեն, որ ապագայում Նիկոլասի եւ Ալեքսանդրի մոտ կարող են առաջանալ մի շարք վտանգավոր հիվանդություններ: Մեծ է հավանականությունը, որ նրանք կարող են ժամանակին ծնված երեխաներից զարգացմամբ բավականին հետ մնալ, հայտնում է «vesti.ru»-ն:
Նիկոլաս եւ Ալեքսանդր Բոլդենների դեպքը համաշխարհային բժշկության մեջ ամենահազվադեպներից է համարվում: Ըստ գերմանացի գիտնականների 2010 թվականին հրատարակած տվյալների` 1982 թվականից սկսած ամբողջ աշխարհում արվել է նման 30 վիրահատություն:











