Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը եւ «Միավորված հայեր» կուսակցությունը խորհրդարանում հայտնվելու շանսեր չունեն: Այսօր` ապրիլի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Նա դժվարացավ ասել, թե ինչ նպատակով են ընտրությունների մասնակցում Դեմկուսն ու «Միավորված հայերը»:

«Ակնհայտ է, որ նրանք քաղաքական պատվեր չեն կատարում, հնարավոր է, դա ընդամենը իրենց մասին հայտարարելու հնարավորություն է»,- նկատեց Գրիգորյանը:

Նա ցածր է գնահատում նաեւ Կոմկուսի շանսերը, թեեւ ըստ որոշ հարցումների արդյունքների, այդ կուսակցության վարկանիշը զրոյական մակարդակից բարձրացել է հասնելով 2-3 տոկոսի: «Կոմունիստները չկարողացան վերաիմաստավորել իրականությունը: Նրանց մոտ կարոտախտ է»,-վստահություն հայտնեց Ս. Գրիգորյանը, միաժամանակ կարծիք հայտնելով, որ Կոմկուսը հույս ունի ստանալ բողոքող ընտրազանգվածի մի մասի ձայները: