Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հինգ հեռուստաալիքների լրագրողների հետ հարցազրույցում հայտնել է, որ կմտնի «Եդինայա Ռոսիա» եւ կգլխավորի այն եւ կդառնա, այդպիսով, կուսակցական վարչապետ:

«Եթե կուսակցությունը գլխավորելու նման առաջարկություն ստանամ, իսկ գործող նախագահը դա հնչեցրել է, ես չեմ հրաժարվի», – ասել է Մեդվեդեւը, ավելացնելով, որ «կուսակցության ցանկացած ղեկավար պետք է նրանում լինի», հայտնում է  «gazeta.ru»-ն:

«Չեմ թաքցնի, «Եդինայա Ռոսիան» ուժ է, որին ես համակրում էի», – ավելացրել է նա`նշելով, որ ԵՌ-ում «բավականին թերություններ կան»:

«Չեմ կարողանում հասկանալ, երբ ասում են, որ «Եդինայա Ռոսիան» հանրահայտ կուսակցություն չէ... Աջակցության վարկանիշը 55–53% է: Դա ամենամեծ կուսակցությունն է, ես չեմ ասում, որ ամենակատարյալը: «Եդինայա Ռոսիայի» հեռանկարները դիտարկում եմ որպես կենտրոնական-պահպանողական ուժի, մեզ մոտ սոցիալ-դեմոկրատներ չկան», – ասել է Մեդվեդեւը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի ընտրված նախագահ, առայժմ վարչապետ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր, որ ԵՌ-ում ղեկավարի իր տեղն զբաղեցնի Մեդվեդեւը, քանի որ նա, նախագահի պարտականություններին անցնելով, մտադիր է հրաժարվել այդ պաշտոնից: