Եվրամիության պատմության մեջ առաջին անգամ ԵՄ քայքայումը իրատեսական սցենար է դարձել: Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդարանի գերմանացի ղեկավար Մարտին Շուլցը:
Ելույթ ունենալով եվրոկոմիսարների խորհրդի առջեւ` Շուլցը նրանց ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքին, որ ԵՄ երկրների առաջնորդները դժգոհ են որոշումներ կայացնելու ընդհանրական մեթոդից եւ կողմ են դրանց «վերաազգայնացմանը», գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Նրա խոսքով` մարտի սկզբին ԵՄ 26 երկրների առաջնորդների կողմից ստորագրված բյուջետային կայունության մասին պայմանագիրը փորձ է Եվրախորհրդարանը շրջանցելով բյուջետային միություն ստեղծելու, որը Եվրախորհրդարանի վերահսկողությունից դուրս կգտնվի:
Միաժամանակ Շուլցը անհանգստություն է հայտնել Շենգենյան գոտում սահմանային վերահսկողությունը վերականգնելու Ֆրանսիայի եւ Գերմանիայի հայտարարությունների եւ ԵՄ պետություններում քսենոֆոբիական տրամադրությունների աճի կապակցությամբ:
Ստեղծված իրավիճակում ասամբլեայի ղեկավարն անհրաժեշտ է համարում Եվրախորհրդարանի եւ Եվրամիության առավել սերտ համագործակցությունը, որպեսզի միասին դիմակայեն այդ միտմանը:




























