Ռուսաստանի նախագահի պաշտոնում ռուսական հեռուստաընկերություններին տված իր վերջին հարցազրույցում Դմիտրի Մեդվեդեւը կոչ է արել ընդդիմադիր բլոգեր Նավալնիին սրբապատկեր չդարձնել: «Ուզում եմ միանգամից ասել, որ ոչ ոք կոռուպցիայի դեմ պայքարելու արտոնագիր չունի: Այդ պայքարում հենվել սոցիալական ակտիվիստների վրա կարելի է եւ պետք է, բայց չի կարելի ոչ մեկին սրբապատկեր դարձնել»,-հայտարարել է Մեդվեդեւն ի պատասխան առաջարկի` Նավալնիին նշանակել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ:
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, Մեդվեդեւը նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարողներից ոմանց առաջ է մղում ալտրուիզմը, իսկ մյուսներին` քաղաքական կապիտալի ստեղծումը:
ՌԴ նախագահն անդրադարձել է նաեւ փանք-ֆեմինիստական Pussy Riot խմբի` եկեղեցում կազմակերպած ակցիային եւ ակտիվիստ աղջիկների դեմ դատավարությանը: Նրա խոսքով, աղջիկներն ստացել են այն, ինչ ուզում էին, ավելի կոնկրետ` ճանաչվածություն:
«Որպես երկրի ղեկավար ես չեմ մեկնաբանի խնդրի իրավաբանական կողմը, քանի որ քննություն է ընթանում: Եթե խոսենք իմ դիրքորոշման մասին, որպես եկեղեցապաշտի, ես շատ մեղմ կասեմ, որպեսզի ոչ ոքի չվիրավորեմ: Իմ կարծիքով, ակցիայի մասնակիցները ստացել են այն, ինչին արժանի էին»,-հայտարարել է Մեդվեդեւը:




























