Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ Եվրամիությունը հասկացել է Մինսկի նկատմամբ պատժամիջոցների անհեռանկար լինելը: Նման հայտարարություն նա արել է ԵՄ-ի դեսպանների Բելառուս վերադարձի առնչությամբ:

 «Հավանաբար, նրանք հասկացել են, որ պատժամիջոցները ոչ մի տեղ  չտանող ուղի են», - ասել է Լուկաշենկոն:

Բելառուսի ղեկավարն ընդգծել է, որ պատժամիջոցների պատճառով կորուստներ են կրում շատ պետություններ: Նա նաեւ հայտնել է, որ Բելառուսն Ուկրաինայի հետ պայմանավորվել է հարավային նավահանգիստներով մատակարարումների ծավալի մեծացման մասին: «Եթե մենք պետք չենք ԵՄ-ի երկրներում, ապա մենք կշարունակենք փնտրել մեր երջանկությունը», - եզրակացրել է Լուկաշենկոն, հայտնում է BFM.RU-ն:

Եվրամիությունը դժգոհ է Բելառուսի  իշխանությունների ներքին քաղաքականությունից: Հանրապետության դեմ  կիրառվել էին պատժամիջոցներ, որոնք աստիճանաբար ընդլայնվել են: Մարտի վերջին ԵՄ չմտնողների «սեւ ցուցակը», որում արդեն ընդգրկվել էին 227 մարդ, համալրվել էր եւս 12 ազգանուններով: Դա ավարտվեց դիվանագիտական սկանդալով: Բելառուսի ԱԳՆ-ը Մինսկում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավարին եւ Լեհաստանի դեսպանին երաշխավորել էր «խորհրդատվության համար  վերադառնալ իրենց երկրները»: Ի պատասխան` ԵՄ-ը «ի նշան համերաշխության եւ միասնության», Մինսկից հետ էր կանչել իր բոլոր դեսպաններին: 

Ապրիլի 25-ին Բելառուս են վերադարձել Շվեդիայի դեսպան Սթեֆան Էրիքսոնը եւ Լեհաստանի դեսպան Լեշեկ Շերեպկան: Ըստ որոշ տվյալների` Բելառուսում է գտնվում նաեւ  Լիտվայի դեսպանը: Դեսպաններից հետո վերադարձել են նաեւ Բելառուսում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Մայրա Մորան: Ապրիլի 27-ին սպասվում է Չեխիայի եւ Էստոնիայի ներկայացուցիչների վերադարձը: