«Ժառանգություն» կուսակցության համար արտերկրից ստացվող դրամական հոսքի մասին տեղեկատվությունը սուտ է: Այդ մասին ապրիլի 26-ի մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը` պատասխանելով հարցին, թե որտեղից կուսակցությանը 72 մլն դրամ նախընտրական ֆոնդում, եւ արդյոք իրականությանը համապատասխանում է այն տեղեկատվությունը, որ փողերը դրսից են ստացվում:
Վաղնջական ժամանակներից «Ժառանգությանն» արտերկրից փող են ուղարկում, այդ կուսակցության բոլոր պատգամավորները սուպերօլիգարխներ են, ամեն մեկը չորս առանձնատուն ունի, թանկարժեք մեքենաներ: Եւ, իհարկե, մեր գրասենյակների թիվը երեք չէ, այլ` անհաշվելի: Իսկ եթե լուրջ, տեղեկատվությունը, որ «Ժառանգությունը» արտերկրից ֆինանսավորում է ստանում, հեքիաթների շարքից է», - կատակելով ասել է պատգամավորը:
Ըստ Մարտիրոսյանի` նախընտրական հիմնադրամից կուսակցությունը ծախսել է այնքան գումար, ինչքան ցույց է տրված զեկույցում:
«Մենք անգամ բենզինի ծախսերն ենք ցույց տալիս: Անցյալ նախընտրական ժամանակահատվածում հիմնադրամի պատասխանատուն ես էի: Գումարները, որոնք մենք ծախսում ենք, տրամադրվել են մեր համակուսակիցների եւ մեզ համակրող մարդկանց կողմից:
Արտասահմանից եկող ոչ մի գումարի մասին խոսք լինել չի կարող: Եթե արտասահմանից փողի հոսք լիներ, ապա, հավատացեք, դա ակնհայտ կլիներ: Ներկայումս` որպես մեծամասնականով առաջադրված թեկնածու, ես ծախսել եմ 200 հազար դրամ իմ սեփական բյուջեից բուկլետների համար, իսկ մեծ պաստառները վճարվել են կուսակցական հիմնադրամից: Այնպես որ, ամեն ինչ թափանցիկ է»:
Նշենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մայիսի 6-ին:











