Հայաստանի պետեկամուտների կոմիտեի եւ Լատվիայի պետեկամուտների ծառայության միջեւ Երեւանում ստորագրվել է տեխնիկական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր:
Ապրիլի 24-27-ը պաշտոնական այցով մեր երկրում է Լատվիայի պետեկամուտների ծառայության գլխավոր տնօրեն տիկին Նելյա Եզդակովայի գլխավորած պատվիրակությունը: Այցի նպատակն է` քննարկել երկու գերատեսչությունների հարկային եւ մաքսային ոլորտներում եւ փորձի փոխանակման ասպարեզում երկկողմանի համագործակցության հարցեր: Պաշտոնական այցի ընթացքում հյուրերը հանդիպումներ են ունեցել կոմիտեի ղեկավար անձնակազմի հետ, քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում` հարկային եւ մաքսային ոլորտներում ապագա համագործակացության հնարավոր ուղղությունները: Լատվիայի պետական եկամուտների ծառայության պատվիրակությունը ծանոթացել է ՊԵԿ-ի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության եւ հարկ վճարողների հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնի գործունեությանը:
Հյուրերն այցելել են նաեւ Արաբկիրի եւ Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչություններ, շրջել սպասարկման կենտրոններում, հետեւել աշխատանքային գործընթացներին: Լատվիացի հյուրերին հաճելիորեն զարմացրել է տեղեկատվական եւ վճարային տերմինալների կիրառումը: Այնուհետեւ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի դահլիճներից մեկում հայ եւ լատվիացի գործընկերները քննարկել են հետագա անելիքները: Կողմերը եզրահանգել են, որ Հայաստանի եւ Լատվիայի պետեկամուտների համակարգերը շատ ընդհանրություններ ունեն, մասնավորապես այն առումով, որ հանդիսանում են միավորված` հարկային, մաքսային եւ սոցիալական վճարների վարչարարության համար իրավասու գերատեսչություններ, իրականացնում են նույն գործառույթները, ունեն նմանատիպ նախադրյալներ եւ նույնանման տեսակետներ համակարգերի հետագա զարգացման վերաբերյալ:
Եզդակովան, ներկայացնելով իր ղեկավարած կառույցը, որը գործում է 1993 թվականից, տեղեկացրել է Լատվիայի պետեկամուտների ծառայության կողմից իրականացված բարեփոխումները` ճգնաժամանային եւ հետժգնաժամանային ժամանակահատվածներում, որպես հաջողության գրավականներից մեկը նշելով կառուցվածքային վերակազմակերպումը եւ կառավարման եռաստիճան համակարգից անցումը դեպի կենտրոնացված` մեկաստիճանական համակարգի, որտեղ տարածքային մակարդակով կազմակերպվում են միայն հարկ վճարողների սպասարկման ստորաբաժանումների աշխատանքները: Կարեւորելով հարկ վճարողների որակյալ սպասարկման անհրաժեշտությունը, Լատվիայի պատվիրակության ղեկավարը նկատել է, որ Հայաստանում եւս այդ ուղղությամբ զգալի աշխատանք է արվել` ողջունելով հատկապես էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կիրառումը եւ էլեկտրոնային ծառայությունների ընդլայնումը: Ինչ վերաբերում է ճգնաժամի հաղթահարման խնդիրներին, ապա ըստ Նելիա Եզդակովայի, ձեռնարկված խիստ տնտեսման միջոցառումների շնորհիվ իրենց հաջողվել է խուսափել խոշոր ցնցումներից:



























