Կրասնոյարսկում Վասիլի Վասիլեւիչ անունով փափուկ խաղալիք կատուն փաստաթղթեր է ներկայացրել որպես քաղաքապետի թեկնածու գրանցվելու համար: Այդ մասին պատմել է խաղալիք քաղաքական գործչի տեր, նրա նախընտրական շտաբի ղեկավար Ալեքսանդր Կոնովալովը:

Նրա խոսքով` խաղալիքին առաջադրելու որոշումը յուրատեսակ արձագանք է  «քաղաքապետի ընտրությունների հետ կապված զավեշտին»:

Երբ Վասիլի Վասիլեւիչին աջակցող խումբը խաղալիքի փաստաթղթերը ներկայացրել է գրանցման, դրանք չեն ընդունել` պատճառաբանելով, որ Վասիլին անձնագիր չունի: Այնուամենայնիվ, ապրիլի 26-ին խաղալիք կատվի ստորագրած թուղթն ընդունել են` բեղերի, թաթերի եւ պոչի առկայության փաստը հաշվի առնելով, որոնք փոխարինում են Վասիլիի անձնագրին: Կատվի դիմումը կարելի է տեսնել այստեղ:

Վասիլիի տերն ընդգծել է, որ կատուն կշարունակի քաղաքական կարիերան, եթե անգամ հրաժարվեն որպես թեկնածու նրան գրանցելուց, գրում է Lenta.ru-ն:

Համաձայն փաստաթղթերի` Վասիլին ծնվել է 1988թ. Կրասնոյարսկի խաղալիքների գործարանում: Նրա հիմնական զբաղմունքը թելի կծիկների հետ խաղալն ու թռչուններին հետեւելն է: Վասիլիի դիմումում նշված է, որ նա միանգամայն արժանապատիվ կրթություն է ստացել: