Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի կողմից 2012-ի մարտին Գիրեսունի համալսարանի ռեկտոր նշանակված ադրբեջանցի Այգուն Աթթարի կազմակերպված կադրային ջարդը Թուրքիայում մեծ արձագանք է գտել։

Թուրքական  Radikal-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Նուրեթին Ջանիքլին խիստ քննադատության է ենթարկել ռեկտորի նման վարքագիծը՝ հայտարարելով, թե անարդարացի կերպով մի գիշերվա մեջ աշխատանքից հեռացվել են համալսարանի կազմի մեջ մտնող կրթական հաստատությունների տնօրեններ, ռեկտորի տեղակալներ, բաժնի վարիչներ։

Պատգամավորը նշել է, թե համալսարանում իրականացված աննախադեպ կադրային ջարդը հիմնված է վրեժխնդրության զգացումի վրա, որը մեծ վնաս կհասցնի Գիրեսունի համալսարանին։ Ջանիքին կոչ է արել անհապաղ հետ կանգնել սխալից եւ իրենց պարտականություններին վերադարձնել հեռացրած աշխատակիցներին։

Նշենք, որ Այգուն Աթարը ծնվել է 1965-ին Բաքվում, ավարտել Բաքվի պետական համալսարանը։ 2007-ից աշխատում է Գիրեսունի համալսարանում եւ մինչեւ 2010 թվականը զբաղեցրել է պրոռեկտորի պաշտոն։

Այգուն Աթարն ունի հակահայկական աշխատություններ։ Ֆրանսիայում Ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո նամակ է գրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ պահանջելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից հանել Ֆրանսիային։