ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի այսօրվա լիագումար նիստում արտահերթ քննարկվել է Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը եւ ընդունվել բանաձեւ:
ԵԽԽՎ-ն վճռականորեն դատապարտել է Սիրիայում զինվորականների եւ անվտանգության ուժերի կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերը եւ դրական գործոն է համարել միջազգային հանրության նույն դիրքորոշմամբ հանդես գալը:
ԵԽԽՎ-ն նաեւ նաեւ ափսոսանք է հայտնել կրակի դադարեցման համաձայնագրի խախտումների եւ զոհերի աճի կապակցությամբ, թեեւ ուժի մեջ է ՄԱԿ-ի եւ Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի պլանը:
Կառույցը նաեւ դատապարտել է որոշ զինված խմբավորումների գործողությունները, որոնք պայքարում են Ասադի ռեժիմի դեմ:
ԵԽԽՎ-ն դրական է գնահատել երկու բանաձեւերի միաձայն ընդունումը, որոնք թույլ են տալիս Սիրիա ուղարկել անզեն զինվորական դիտորդների` բռնությունն իսպառ վերացնելու նպատակով:
ԵԽԽՎ-ն նաեւ գտնում է, որ Քոֆի Անանի պլանի իրագործումը կարող է երաշխիքներ տալ Սիրիայում դեպի ժողովրդավարության անցում կատարելու հարցում:
Իտալացի խորհրդարանական Պետրո Մարչենարոյի պատրաստած զեկույցում կոչ է արվում Սիրիայի բոլոր ազգային ընդդիմադիր ուժերին ու Սիրիայի բոլոր քաղաքացիներին միավորվել եւ հանդես գալ որպես այլընտրանքային լեգիտիմ ուժ` ժողովրդավարական եւ բազմակարծություն ապահովող Սիրիա կառուցելու համար:




























