Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության պատգամավոր Օսման Քորութուրքը քննադատել է թուրքական իշխանությունների արտաքին քաղաքականությունը՝ շեշտելով, որ Սիրիայի հարցում որդեգրած քաղաքականության պատճառով Թուրքիան տարածաշրջանում իզոլացման է մղվում։
Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Օսման Քորութուրքը նշել է, թե Մերձավոր Արեւելքի երկրներ իր կատարած այցերի ժամանակ հասկացել է, որ այնտեղ Թուրքիայի նոր քաղաքականությունը չեն ընդունում, մասնավորապես, արաբների մոտ Թուրքիան կորցրել է իր վստահությունը։
«Թուրքիայի քաղաքականության հետեւանքով դարձել է մի երկիր, որն այսօր ասում է «եղբայր», իսկ վաղը հայտնի չէ, թե ինչ կասի։ Մեր արտաքին քաղաքականությունը ամբողջության անհաջողության է մատնվել, իսկ Սիրիայի հարցում մեր քաղաքականությունը լրիվ տապալվել է»,-ասել թուրք պատգամավորը։




























