Մենք տեսնում ենք մարդկանց, ովքեր չեն կարող աշխատանքով ապահովել ընտանիքի ապրուստը, մենք չենք կարող անտարբեր լինել աղքատության նկատմամբ, մենք ունենք մեր ներքին թշնամին, դա մեր երկրում բուն դրած աղքատությունն է: Այս մասին այսօր` ապրիլի 26-ին,  Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջան կատարած այցելության ժամանակ հայտարարեց Հանրապետական կուսակցության ղեկավար, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Այդ թշնամին բոլորի մեջ է: Աղքատությունն այսօր համազգային ոսոխ է, որի դեմ պայքարելու համար պետք է միացնենք մեր բոլոր ուժերը»,- ասաց նախագահը: Նրա խոսքով` մեր կարեւորագույն խնդիրներից է մարզերում գործազրկության մակարդակի նշանակելի նվազեցումը եւայդ խնդրի լուծման միջոցով մենք կկարողանանք անել այնպես, որ երկրի տնտեսության աճի արդյունքները զգան բոլորը: «Պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որ գործարարների համար շահավետ լինի մարզերում ներդրումներ կատարել, նոր աշխատատեղեր ստեղծել»,- ասաց Հանրապետական կուսակցության ղեկավարը

Սերժ Սարգսյանը նաեւ նշեց, որ «մենք շատ կուզենայինք, որ Հայաստանում առկա բոլոր խնդիրները լուծվեն մեկ օրում, գոնե մեկ տարում, բայց այդ հնարավորությունը մենք չունենք». «Սակայն մենք գիտենք, թե ինչպես եւ ինչ ճանապարհով ենք լուծելու դրանք առաջիկա 5 տարիների ընթացքում: Ես վստահ եմ, որ այդ գործընթացը մեր երկրում  շատ ավելի կարճ է տեւեելու: Ես վստահ եմ, որ կարճ ժամանակում հասնելու ենք մեր ուզած բարեկեցիկ Հայաստանին».- նշեց ՀՀԿ ղեկավարը:

Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի