Ադրբեջանի կողմից Հայաստանի Տավուշի մարզի Դովեղ գյուղի ուղղությամբ մի քանի ժամ տեւած կրակահերթից անմիջապես հետո, տեղի ունեցածի մասին տեղյակ է պահվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, պատասխանելով հարցին, թե ինչպիսին է ԱԳՆ-ի արձագանքը սահմանամերձ գյուղում տեղի ունեցածին:
Բալայանի խոսքով, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակում վստահեցրել են, որ կզննեն տեղանքը, պաշտոնապես կարձանագրեն կրակահերթի փաստը հայկական բնակավայրի, մասնավորապես, մանկապարտեզի ուղղությամբ:
«Զննման արդյունքների հիման վրա համապատասխան միջոցառումներ կձեռնարկվեն»,-հայատարարել է Բալայանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 25-ին ադրբեջանական կողմը մի քանի ժամ շարունակ կրակի տակ է պահել Տավուշի մարզի Դովեղ գյուղը: Կրակի տակ է եղել, մասնավորապես, գյուղի մանկապարտեզը: Կրակահերթի տակ բնակիչները տարհանել են մանկապարտեզի ու դպրոցի սաներին, բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան:
Ականատեսների փոխանցմամբ, կրակահերթը եղել է մեծ տրամաչափի զենքերից, մասնավորապես ԴՇԿ-ից:




























