Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն, այսօր` ապրիլի 26-ին, արտահերթ նիստում հաստատեց մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերում քվեաթերթիկների նմուշները: Համամասնական ընտրակարգի քվեաթերթիկները սպիտակ գույնի են եւ այնտեղ ներառված են համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող բոլոր 9 քաղաքական ուժերի անունները, հետեւյալ հերթականությամբ. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, «Ժառանգություն» կուսակցություն, «Հայ ազգային կոնգրես» դաշինք, Հայ հեղափոխական դաշնակցություն, Հայաստանի դեմոկրատական կուսակցություն, Հայաստանի կոմունիստական կուսակցություն, Հայաստանի հանրապետական կուսակցություն, «Միավորված հայեր» կուսակցություն եւ «Օրինաց երկիր» կուսակցություն:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ քվեաթերթիկի վրա կա կապույտ շրիֆտով պաշտպանիչ շերտ, որը կարելի է տեսնել միայն խոշորացույցով: Մեծամասնականով քվեաթերթիկն ունենալու է նարնջագույն երանգ, ինչպես դիմացի այնպես էլ հետեւի հատվածից, որպեսզի ընտրողի համար ավելի հեշտ լինի: ԿԸՀ-ն հաստատեց բոլոր 41 քվեաթերթիկների նմուշները բոլոր ընտրատարածքների համար: Նշվեց, որ այն ընտրատարածքներում, որտեղ կան մեկական թեկնածուներ, իսկ այդպիսիք 2-ն են` թիվ 28 ընտրատարածքում Գագիկ Ծառուկյան եւ թիվ 35 ընտրատարածքում` Սամվել Բալասանյան, անվան տակ դրվելու է «կողմ եմ» եւ «դեմ եմ» վանդակները:
Ի դեպ, Տիգրան Մուկուչյանի խոսքով, այսօր ժամը 20.00-ից Տիգրան մեծ տպարանում սկսվելու է քվեաթերթիկների տպագրությունը եւ յուրաքանչյուր լրագրող, դիտորդ կամ կուսակցության ներկայացուցիչ կարող է ցանկացած պահի գնալ Տիգրան Մեծ տպարան եւ ծանոթանալ քվեաթերթիկների տպագրման եւ տեղափոխման աշխատանքներին, ինչն արվել է ավելի գործընթացն ավելի թափանցիկ դարձնելու եւ կասկածներից զերծ պահելու համար:




























