Թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար ՀՅԴ-ն պատրաստ է համագործակցել ցանկացած քաղաքական ուժի հետ: Այս մասին այսօր` ապրիլի 6-ին, երիտասարդության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Վահան Հովհաննիսյանը:
Դիտարկմանը, թե ՀՅԴ-ն այդ հարցում համագործակցում է իշխող կոալիցիան ներկայացնող ԲՀԿ-ի եւ նաեւ ՀԱԿ-ի հետ, Վահան Հովհաննիսյանը պատասխանեց. «Բա ում հետ համագործակցեինք, եթե մյուս կուսակցությունները հրաժարվեցին ստեղծել միասնական շտաբ: «Ժառանգությունը», որն ամենաընդդիմադիր ուժն է Հայաստանում, ինչո՞ւ Հայաստանում, ողջ աշխարհում, հրաժարվեց աշխատել շտաբում, պահանջելով կուսակցությունների առաջնորդների ստորագրությունը: Ի՞նչ է դա փոխում, եթե փաստաթղթում ստորագրությունը կուսակցության անունից է: Ինձ համար, օրինակ, միեւնույն է, թե ով է ստորագրել այդ փաստաթուղթը, եթե այն կուսակցության անունից է: Մենք դիրք չենք բռնում, ասելով, թե սրանք մեզ դուր են գալիս, սրանք` ոչ:
Միայն այս հարցում մենք պատրաստ ենք համագործակցել բոլորի հետ»,- հայտարարել է Հովհաննիսյանը:
Նա հիշեցրել է, որ ՀՅԴ-ն չի հրաժարվել աշխատել նաեւ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի նախաձեռնած աշխատանքային խմբում: «Այնտեղ մասնակցում են «Ժառանգությոփւնը», կոմունիստները, մենք եւ ՀՀԿ-ն: Խնդրեմ, մենք նաեւ այնտեղ ենք աշխատում, քանի որ մեր խնդիրն է ապահովել թափանցիկ ընտրություններ: Եվս մեկ շտաբ է ստեղծել Դավիթ Հարությունյանը, մենք այնտեղ էլ ենք ներկա:
Դա բոլորովին չի նշանակում, որ մենք միանում ենք բոլոր այդ ուժերին: Մենք պարզապես այնտեղ աշխատում ենք: Եթե ՀԱԿ-ն անցնի խորհրդարան, մենք նրանց հետ կունենանք նույն գաղափարական տարաձայնությունները, ինչ` այսօր, բայց հիմա մեր խնդիրն է ապահովել արդարություն ընտրություններում»,-հայտարարել է ՀՅԴ անդամը:




























