Եթե վաճառել ես ձայնդ, դրանից հետո ուշ է բողոքել պատգամավորի անտարբերությունից: Այս մասին այսօր` ապրիլի 26-ին, երիտասարդության հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող, ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը:
«Նույնիսկ եթե օլիգարխը կարող է անցնել խորհրդարան առանց փողի, նա կնախընտրի մի քանի հազար վճարել ձայնի դիմաց:
Դրանից հետո նրա խիղճը հանգիստ կլինի, քանի որ նա ոչ ոքի ոչինչ պարտք չէ, նա արդեն վճարել է ձեզ ձեր 15-20 հազար դրամը, հետեւաբար խորհրդարանի փոխարեն նա հանգիստ կգնա սաունա եւ ոչ մենակ: Իսկ դուք ոչինչ չեք կարող նրանից պահանջել, քանի որ արդեն վճարված է»,-հայտարարել է Հովհաննիսյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ ՀՅԴ-ն կրկին կոլաիցիա կազմի իշխանությունների հետ, ՀՅԴ ներկայացուցիչը պատասխանեց, որ դա քիչ հավանական է: «Մենք գնում ենք խորհրդարանում մեծամասնություն վերցնելու: Ես դա ասում եմ ամենայն լրջությամբ եւ եթե մենք վերցնենք մեծամասնություն, մենք ոչ ոքի հետ կոալիցիա կազմելու անհրաժեշտություն չենք ունենա: Իսկ եթե կոալիցա էլ կազմենք, ապա մենք կթելադրենք պայմանները: Դա տարբերակներից մեկն է: Մյուսն այն է, որ եթե դու մեծամասնություն չես, բայց մյուսներն էլ մեծամասնություն չունեն:
Բայց եթե լինի մի կուսակցություն, որը կունենա մեծամասնություն, մենք չենք պատրաստվում այդ ուժի հետ կոալիցիա կազմել: Ես երբեք չեմ ասում երբեք քաղաքականության մեջ, քանի որ կարող է լինել արտակարգ իրավիճակ երկրում, բայց հիմա նման հարցեր չարժի քննարկել եւ մենք նման տարբերակներ չենք քննարկում»,- հայտարարել է դաշնակցական գործիչը:




























