Google ինտերնետ-կորպորացիան բրիտանական Institute for Strategic Dialogue ինստիտուտի, ամերիկյան բարեգործական Gen Next Foundation հիմնադրամի եւ Rehabstudio IT ընկերության հետ համատեղ ստեղծել է սոցիալական ցանց նախկին ահաբեկիչների եւ նրանց զոհերի համար, գրում է Gazeta.ru-ն` վկայակոչելով The Wall Street Journal-ը:
Against Violent Extremism (AVE) անվանումով նոր սոցիալական հարթակը նախատեսված է նրա համար, որպեսզի նախկին ահաբեկիչները եւ նրանց կենդանի մնացած զոհերը կիսեն իրենց փորձը եւ մարդկանց պահպանեն հնարավոր վտանգներից:
Նման ծառայություն ստեղծելու գաղափարը ծնվել է 2011-ի ամռանը` Դուբլինում կայացած Against Violent Extremism գագաթաժողովի ժամանակ, որը կազմակերպել էր Google Ideas-ը (Google-ի դուստր ընկերությունը):
Գագաթաժողովի մասնակիցները եկել են եզրահանգման, որ նախկին ահաբեկիչները ոչ միայն կարող են խորհուրդներ տալ, թե ինչպես իրենց պահեն վտանգավոր իրավիճակներում, այլեւ նաեւ համոզեն չներգրավվել ահաբեկչական, ծայրահեղական կամ նեոնացիստական խմբավորումներում:




























