Մոսկվայում ձերբակալված Վրաստանի քաղաքացի, քրեական հեղինակություն Դավիդ Շարաբիձեին («Դաթո Թբիլիսկի») դատարանի որոշմամբ կարտաքսեն Ռուսաստանի տարածքից։ Ինչպես հայտնում է «Ռոսբալտ» գործակալությունը, Մոսկվայի Կունցեւսկի շրջանի դատարանը համապատասխան որոշումը կայացրել է ապրիլի 24-ին։

Նշենք, որ Ռուսաստանի իրավապահները Շարաբիձեին ձերբակալել էին նաեւ 2011թ.-ին թմրանյութեր պահելու եւ կեղծ անձնագրի օգտագործման համար։ Այդ ժամանակ նրան դատապարտել էին 1 տարվա ազատազրկման։ Պատիժը կրելուց հետո քրեական հեղինակությունը վերադարձել է Մոսկվա, որտեղ ապրել է առանց համապատասխան փաստաթղթերի։ Արդյունքում 43-ամյա վրացուն ձերբակալել են ՌԴ միգրացիոն օրենքների խախտման պատճառով։

Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ Շարաբիձեն ղեկավարում է Մոսկվայում կողոպուտով զբաղվող հանցավոր խմբավորում, եւ կազմակերպում է թմրանյութերի ներկրում ու տարածում։