Հայաստանի նախագահ եւ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն այսօր` ապրիլի 26-ին, քարոզարշավի շրջանակներում, Նոյեմբերյան քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ նրանց դիմել է երկու խնդրանքով:
«Ես այսօր եկել եմ Նոյեմբերյան երկու խնդրանքով. առաջին խնդրանքս, որ դուք մայիսի 6-ին լինեք շատ ակտիվ և ձեր աջակցությամբ մենք կարողանանք անցկացնել լավագույն ընտրությունները նորանկախ Հայաստանի պատմության մեջ»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը, հավելելով, որ ընտրությունների անցկացման որակից է կախված լինելու երկրի հետագա զարգացումը: Անդրադառնալով երկրորդ խնդրանքին, նա նոյեմբերյանցիներին կոչ արեց սատարել ՀՀԿ-ին ինչպես համամասնական ընտրակարգով, այնպես էլ` մեծամասնական: «Մենք այս 4-5 տարիների ընթացքում բավականաչափ փորձ ենք կուտակել և կարող ենք այդ փորձը ներդնել, որպեսզի հետագա տարիներին մեր երկիրը դառնա շատ ավելի լավը, քան այսօր կա»,-ասել է նա ու հավելել, որ ցանկանում է, որպեսզի իր ղեկավարած կուսակցությունը ստանա առավելագույն թվով քվեներ:




























