Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` ապրիլի 26-ին, աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ, այցելել Երեւանի կոնյակի գործարանի Բերդ քաղաքի մասնաճյուղ, որտեղ նրա ներկայությամբ բացվել է գործարանի հնեցման արտադրամասը:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հաշվի առնելով Հայաստանի սահմանամերձ շրջաններում արդյունաբերության զարգացման կարեւորությունը՝ Երեւանի կոնյակի գործարանն ընդլայնում է իր արտադրական կարողությունները: Գործարանի պատասխանատուների հավաստմամբ, Բերդի մասնաճյուղի գործարկումից հետո կավելանա նաեւ աշխատատեղերի թիվը:
Նախագահին ներկայացվել է Բերդ քաղաքում կառուցվող եկեղեցու շինարարական աշխատանքների ընթացքը եւս: Դրանք նախատեսվում է ավարտել 2014թ. առաջին կիսամյակում:
Աշխատանքային այցի ժամանակ Սերժ Սարգսյանին զեկուցվել է նաեւ ՀՀ Նախագահի 30.07.2008թ. կարգադրության միջոցառումների ժամանակացույցով նախատեսված Չինարի-Այգեձոր-Արծվաբերդ-Վերին Կարմիր աղբյուր-Բերդ ավտոճանապարհի վերանորոգման շինարարական աշխատանքների ընթացքի վերաբերյալ:
Տավուշում երկրի ղեկավարը ծանոթացել է Վարագավանք վանքային համալիրի եւ դեպի համալիր տանող հանրապետական նշանակության ճանապարհի վերականգնման ծրագրերին եւս: Սերժ Սարգսյանին ներկայացվել է, որ Վարագավանքի վերականգնման աշխատանքներն իրականացվում են պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում: Հուշարձանի վերականգնողական աշխատանքների առաջին փուլի մեկնարկը նախատեսված է 2012թ. մայիսին: Սերժ Սարգսյանին զեկուցվել է նաեւ Վարագավանք պատմական հուշարձան տանող հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների վերաբերյալ, ըստ որի նախատեսված շինարարական աշխատանքներն ավարտված են, եւ Իջեւան-Բերդ մայրուղուց մինչեւ վանական համալիր տանող ճանապարհն ասֆալտապատված է:
Նախագահն այսօր եղել է նաեւ Վազաշեն համայնքում, ծանոթացել գյուղում իրականացված ծրագրերին: Նշվել է, որ ՀՀ պետական բյուջեի միջոցներով վերականգնվել է Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար ավտոճանապարհի փլուզված հատվածը, ավարտվել են Վազաշենի համայնքային կենտրոնի շինարարական աշխատանքները, «ՀայՌուսգազարդե ՓԲԸ-ի եւ համայնքի միջոցներով համայնքը գազաֆիկացվել է, ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվել են ոռոգման ջրանցքների մաքրման եւ վերանորոգման աշխատանքներ:
Մարզի մեկ այլ՝ Բաղանիս համայնքում նա ծանոթացել է տարածաշրջանային գյուղատնտեսական ծրագրերին, որոնց շրջանակներում կառուցվել են չորանոցներ, ներդրվել է համայնքի ինքնհոս ոռոգման համակարգ, աշխատանքներ են կատարվել համայնքի գազաֆիկացման ուղղությամբ:
Ակնաղբյուրում Նախագահն այցելել է «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի ծրագրով կառուցվող անասնապահական համալիր, ծանոթացել Ֆրանսիայի Օ-դը-Սեն նահանգի միջոցներով այս համայնքում իրականացվող գյուղատնտեսական ուղղվածության ծրագրերին:
Տավուշի մարզ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը շարունակվում է: Նա վաղը՝ ապրիլի 27-ին, կայցելի Դիլիջան:

































