Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին պատրաստ է կտրել իր մարմնի  «որոշ» մասեր եւ դրանք ուղարկել ռուսական կողմին, եթե դա Վրաստանին կվերադարձնի Աբխազիան եւ Հարավային Օսիան:  Այս մասին, ըստ վրացական եւ ռուսաստանյան լրատվամիջոցների, Սահակաշվիլին հայտարարել է` ի պատասխան Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` իր հասցեին արված արտահայտությունները մեկնաբանելու խնդրանքի:

Հիշեցնենք, որ ապրիլի 26 –ին Մեդվեդեւը Սահակաշվիլիին «զրո» եւ «դատարկ տեղ» էր անվանել, ով վաղ թե ուշ կհեռանա քաղաքական ասպարեզից:

«Եթե նրանք պատրաստ են Վրաստանին վերադարձնել օկուպացված տարածքները, ես հենց այսօր, լինի դա Մեդվեդեւը, թե Ռուսաստանի իրական կառավարիչը,  պատրաստ եմ թռչել որտեղ պետք է, եւ ստորագրել համաձայնագիր այն մասին, որ իշխանությունից իմ եւ մեր կառավարության հեռացումը փոխում եմ Վրաստանի տարածքների վերադարձի հետ»,-ասել է Սահակաշվիլին:

Ինչ վերաբերում է մարմնի որոշ մասերին առնչվող ռեպլիկներին, Սահակաշվիլին, ըստ ամենայնի, նկատի ունի Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի` Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի հետ մասնավոր զրույցում իր հասցեին հնչեցրած սպառնալիքը:

Պուտինը խոստացել էր «ձվերից կախել» Վրաստանի նախագահին` 2008թ-ին Ցխինվալի վրա հարձակվելու համար: «Ես ասում եմ առանց որեւէ հեգնանքի»,-ընդգծել է Սահակաշվիլին: