«Տիգրան Մեծ» հրատարակչությունում այսօր` ապրիլի 26-ին, ժամը 21.00-ին, սկսվել է 2012թ-ի ԱԺ ընտրությունների համամասնական եւ մեծամասնական ընտրակարգով քվեաթերթիկների տպագրությունը: NEWS.am-ը տեղում հետեւում էր տպագրության գործընթացին եւ տպագրության ընթացքում ոչ մի խոչընդոտներ ի հայտ չեն եկել: (ֆոտոռեպորտաժ)

Ի դեպ, մեծամասնական եւ համամասնական քվեաթերթիկները տպագրվում են տպարանի տարբեր սրահներում: «Տիգրան Մեծ» հրատարակչության գլխավոր տնօրենի տեղակալ Լյուդվիգ Հարոյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ մեծամասնական ընտրակարգի համար նախատեսված քվեաթերթիկները տպագրվելու են 2 միլիոն 550 հազար 800 տպաքանակով, իսկ համամասնական քվեաթերթիկները 2 միլիոն 597 հազար տպաքանակով: Նրա փոխանցմամբ, ապրիլի 26-ին, 21.00-ին  սկսված տպագրությունը շարունակվելու է մինչեւ հաջորդ գիշեր ժամը  3-4-ը: Սակայն ամբողջ տպագրությունը  շարունակվելու է մինչեւ մայիսի 3-ը:

Տպագրության գործընթացը վերահսկում էին ԿԸՀ-ի ներկայացուցիչները` ԿԸՀ աշխատակազմի ղեկավար Լյովա Գրիգորյանը, քարտուղար` Արմեն Սմբատյանը, ինչպես նաեւ ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հայտարարել էր, որ  այսօր ժամը 20.00-ից Տիգրան մեծ  տպարանում սկսվելու է քվեաթերթիկների տպագրությունը եւ  յուրաքանչյուր լրագրող, դիտորդ կամ կուսակցության ներկայացուցիչ կարող է ցանկացած պահի գնալ Տիգրան Մեծ տպարան եւ ծանոթանալ քվեաթերթիկների տպագրման եւ տեղափոխման աշխատանքներին, ինչն արվել է ավելի գործընթացն ավելի թափանցիկ դարձնելու եւ կասկածներից զերծ պահելու համար: