Gallup International Association ընկերությունը խորհրդարանական ընտրությունների օրը exit-poll է իրականացնելու 131 ընտրատարածքներում:

Այսօր` ապրիլի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանը Gallup International Association ընկերության փորձագետ Միլկանա Նիկոլովան հայտնել է, թե իրենք Հայաստանում գործունեություն են ծավալելու «Արմենիա» հեռուստաընկերության հետ կնքված պայմանագրի համաձայն:

«Հուսով ենք, որ մարդիկ ազնիվ կպատասխանեն, թե իրենք ում ընտրեցին: Հաճախ հարցնում են, թե արդյոք այն մանիպուլյացիայի չի՞ ենթարկում ընտրությունների արդյունքները: Պետք է նշեմ, որ սա երաշխիք է ընտրությունների արդյունքների մանիպուլյացիայի դեմ, եւ դրա մասին այստեղ խոսք լինել չի կարող»,-ասաց նա` հավելելով, որ հարցման է ենթարկվելու յուրաքանչյուր 5-րդ ընտրողը:

Ընկերության փորձագետը նշել է, թե իրենք Հայաստանում աշխատելու փորձ դեռ չունեն, եւ չգիտեն, թե որքանով անկեղծ կլինի հայ ընտրողը: Ըստ Միլկանա Նիկոլովայի, սոցհարցումներն ու հատկապես exit poll-երը հիմնվում են նախկին ընտրությունների արդյունքների վրա, սակայն իրենք մտավախություն ունեն, քանի որ Հայաստանում առաջին անգամն է եւ նախորդ տարիների փորձը չկա:

Նշենք, որ Հայաստանում կա 1982 ընտրատեղամաս, սակայն Gallup International-ը կաշխատի միայն 131-ում: