Ավելի քան 200 հոգի է ձերբակալվել Իրանում ընդդիմության կազմակերպած երեկվա հանրահավաքի ժամանակ: Իրանական IRNA գործակալության հաղորդմամբ, այս մասին դեկտեմբերի 8-ին հայտարարել է Թեհրանի ոստիկանության հրամանատար Ազիզուլահ Ռաջաբզադեն:

Հակաիշխանական կարգախոսներով ընդդիմության երեկվա հանրահավաքի ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է 169 տղամարդու եւ 39 կնոջ, ովքեր մեղադրվում են չարտոնված հանրահավաքներին մասնակցելու համար:

Ռաջաբզադեն նաեւ ժխտել է ԶԼՄ-ների տարածած այն տեղեկատվությունը, թե բախումներ են եղել հանրավաքի մասնակիցների եւ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս»-ի միջեւ, որոնք, հրամանատարի խոսքով, հանրահավաքի մասնակիցների անվտանգությունն էին ապահովում:

Հիշեցնենք, որ ամեն տարի դեկտեմբերի 7-ին Թեհրանում հանրահավաք է անցկացվում՝ ի հիշատակ այն երեք ուսանողների, ովքեր մահացել են 1953 թվականի հակաամերիկյան ակցիաների ժամանակ:

Արեւմտյան ԶԼՄ-ների հաղորդմամբ, ակցիաների ժամանակ բախում է եղել իրավապահ մարմինների եւ հանրահավաքի մասնակիցների միջեւ: Ականատեսները հաստատում են, որ ոստիկանները հարձակվել են բողոքավորների վրա եւ ծեծել կանանց ու տղամարդկանց` օգտագործելով մահակներ եւ արցունքաբեր գազ: