Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը, ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսում, դատապարտել է քաղաքական բռնությունը՝ հավելելով, որ իր այցի նպատակն է «արտահայտել բրիտանացի ժողովրդի խորին հարգանքն ու բարեկամությունը Միացյալ Նահանգների ժողովրդին»։

«Թույլ տվեք հաստատակամորեն հայտարարել, որ բռնության նման դրսևորումները երբեք չեն հասնի իրենց նպատակին»,- նշել է միապետը՝ խոստանալով, որ ժողովրդավարական երկրները կողք կողքի կկանգնեն՝ սեփական ժողովրդին պաշտպանելու համար։

Թագավորն անդրադարձել է նաև «խորը անորոշության ժամանակաշրջանին», ինչպես նաև Եվրոպայում և Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտություններին՝ ընդգծելով, որ դրանք մարտահրավեր են ամբողջ աշխարհի համար։

«Այսօր մենք ապրում ենք անորոշության ու բախումների ժամանակաշրջանում. Եվրոպայից մինչև Մերձավոր Արևելք բռնկված հակամարտությունները լուրջ մարտահրավեր են ողջ աշխարհի համար, իսկ դրանց արձագանքները տեսանելի են մեր հասարակությունների կյանքի բոլոր շերտերում»,- նշել է Չարլզ III-ը։

«Ահա թե ինչու եմ ես ի սրտե հավատում, որ մեր երկու ժողովուրդների էությունը հոգու վեհության մեջ է։ Մեր պարտքն է սերմանել կարեկցանք, նպաստել խաղաղությանը, խորացնել փոխըմբռնումն ու հարգել բոլորին՝ անկախ նրանց դավանանքից կամ հայացքներից»,- շարունակել է նա՝ հավելելով, որ աշխարհի առջև ծառացած խնդիրները «չափազանց մեծ են, որպեսզի որևէ պետություն կարողանա միայնակ հաղթահարել դրանք»։

«Այնուամենայնիվ, այս անկանխատեսելի միջավայրում մեր դաշինքը չի կարող հույսը դնել անցյալի նվաճումների վրա կամ ենթադրել, որ իր հիմնադիր սկզբունքներն ինքնաբերաբար կմնան ուժի մեջ»,- ասել է Չարլզը։

Միապետն ընդգծել է նաև, որ Մեծ Բրիտանիան ու ԱՄՆ-ն գործընկերության զարգացման մեծ ներուժ ունեն՝ հատկապես անվտանգության ապահովման ոլորտում։

Նրա խոսքով՝ Միացյալ Թագավորությունն ընդունում է, որ առկա սպառնալիքներն ստիպում են արմատապես վերափոխել երկրի պաշտպանական համակարգը, ուստի Բրիտանիան ավելացնում է այդ ոլորտի ծախսերը։

Լինելով բնության պահպանության ջերմեռանդ կողմնակից՝ թագավորը նաև զգուշացրել է, որ շրջակա միջավայրի պաշտպանությունը վճռորոշ նշանակություն ունի մեր մոլորակի ապագայի համար։

«Վայելելով շրջակա միջավայրի գեղեցկությունը՝ մեր սերունդը պետք է վերջապես լուծում գտնի բնության կենսական համակարգերի քայքայման դեմ։ Չէ՞ որ սա վտանգում է շատ ավելին, քան պարզապես բնության ներդաշնակությունն ու կենսաբազմազանությունը»,- հայտարարել է նա։ «Մենք մեզ մեծ վտանգի ենք ենթարկում՝ անտեսելով այն փաստը, որ հենց այս բնական համակարգերը կամ, այլ կերպ ասած, «բնության տնտեսությունն» են մեր բարօրության ու ազգային անվտանգության հիմքը»։

Ելույթի վերջում նա Կոնգրեսին միասնության կոչ է արել։

«250 տարի առաջվա դառը հակասությունների հիմքի վրա մենք կերտեցինք մի բարեկամություն, որն այսօր դարձել է մարդկության պատմության ամենանշանակալի դաշինքներից մեկը»,- հայտարարել է նա Կոնգրեսում։ «Ի սրտե աղոթում եմ, որ մեր միությունը՝ Եվրոպայի, Համագործակցության երկրների և մեր մյուս գործընկերների հետ միասին, շարունակի անսասան պահել մեր ընդհանուր արժեքները և թույլ չտա, որ մենք տեղի տանք մեկուսացման կոչերին»։