Ապրիլի 29-ի առավոտյան ուկրաինական անօդաչուները գրոհել են սահմանից ավելի քան 1,5 հազար կմ հեռավորության վրա գտնվող ռուսական ջերմաէներգետիկ համալիրի օբյեկտների վրա։ Օրենբուրգի մարզում հարվածի տակ է հայտնվել «Օրսկնեֆտեօրգսինթեզ» նավթավերամշակման գործարանը, գրում է Astra-ն՝ ուսումնասիրելով ականատեսների լուսանկարները։ Տարածաշրջանի նահանգապետ Եվգենի Սոլնցևը հաստատել է «մի քանի արդյունաբերական ձեռնարկությունների» վրա հասցված հարվածների մասին տեղեկությունը։ Նրա խոսքով՝ ոչ ոք չի տուժել, ընդհանուր առմամբ «խոցվել է» չորս անօդաչու սարք։ Օրսկի օդանավակայանում թռիչքների սահմանափակումներ են մտցվել։ «ՕրսկՆՕՍ»-ը Օրենբուրգի մարզի ամենախոշոր նավթավերամշակման գործարանն է՝ տարեկան գրեթե 5,8 մլն տոննա վերամշակման հզորությամբ։ Բենզին, դիզելային վառելիք, մազութ և այլ նավթամթերքներ արտադրող ձեռնարկությունը պատկանում է Միխայիլ Գուցերիևի «ՖորտեԻնվեստ» հոլդինգին։
Անօդաչու սարքերը հարձակվել են նաև Պերմի երկրամասի վրա։ Նահանգապետ Դմիտրի Մախոնինը հայտնել է, որ հարվածի տակ է հայտնվել Պերմի մունիցիպալ շրջանի արդյունաբերական հարթակներից մեկը, ինչի արդյունքում այնտեղ «հրդեհ է բռնկվել»։ Նրա խոսքով՝ աշխատակիցներին տարհանել են, տուժածներ չկան։ Ականատեսները պատմել են Բաշկուլտաևոյի շրջանում բռնկված հրդեհի մասին։ Համացանցում հրապարակվում են խիտ սև ծխի և «նավթային անձրևի» կադրեր։ Ըստ Exilenova+ մոնիտորինգային ալիքի տեղեկությունների՝ հարվածը հասցվել է «Պերմ» գծային արտադրական-դիսպետչերական կայանին։ Այն «Տրանսնեֆտ» համակարգի հանգուցային կայան է, որը պատասխանատու է մայրուղային խողովակաշարերով նավթի մղման, պահպանման և բաշխման համար։ Այս օբյեկտով են անցնում դեպի Պերմի նավթավերամշակման գործարան, Ռուսաստանի այլ արդյունաբերական կենտրոններ և արտահանման ենթակառուցվածքներ ուղղվող հոսքերը։





























