Վիկտոր Պելևինի «Կապույտ մորուքի վերադարձը» նոր գիրքն արդեն վաճառքի է հանվել Ռուսաստանում։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել են «Յանդեքս Գրքեր» ծառայության մամուլի ծառայությունից։

««Էկսմո» հրատարակչությունը հրատարակել է Վիկտոր Պելևինի նոր վեպը․ այն կրում է «Կապույտ մորուքի վերադարձը» վերնագիրը»,- հայտնել են ծառայությունից։

Ստեղծագործությունն արդեն հասանելի է աուդիո և էլեկտրոնային տարբերակներով՝ «Յանդեքս Գրքեր»-ի բաժանորդագրությամբ, ինչպես նաև տպագիր տարբերակով՝ գրախանութների ցանցերում և առցանց հարթակներում։

Նոր վեպի սյուժեն կապված չէ «Transhumanism Inc» շարքի հետ, այլ զարգանում է Ջեֆրի Էփշտեյնի աղմկահարույց գործի շուրջ։

Պելևինը ռուս պոստմոդեռնիստ գրող է, բազմաթիվ գրական մրցանակների դափնեկիր և այնպիսի բեսթսելերների հեղինակ, ինչպիսիք են «Օմոն Ռա», «Չապաևն ու Պուստոտան», «Պի սերունդ» վեպերը։ Նրա նախորդ ստեղծագործությունը՝ «Կրուտ» վեպը, որը լույս է տեսել 2024 թվականին, նույնպես «Transhumanism Inc» տիեզերքի մաս է կազմում, որտեղ արդեն ներառված են «KGBT+»-ը և «Ճանապարհորդություն դեպի Էլևսին» գրքերը։