Բաքվի զինվորական դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ԱՄՆ-ում Ադրբեջանի զինված ուժերի ռազմական կցորդի նախկին ավագ օգնական Գահրաման Մամեդովին։ Նա դատապարտվել է մաքսանենգության համար։ Այս աղմկոտ պատմությունը սկսվել է դեռ 2024-ի նոյեմբերին, երբ Ադրբեջանի անվտանգության ծառայությունը Ստամբուլում ձերբակալել էր Մամեդովին։ Նրա մոտ հայտնաբերվել էր 70 կիլոգրամ ոսկի։

Իշխանամետ Qafqazinfo լրատվամիջոցի տվյալներով՝ Ստամբուլի օդանավակայանում Մամեդովից առգրավված ոսկու արժեքը գերազանցել է 10,3 միլիոն մանաթը (6 միլիոն դոլար)։ Պարբերականը հայտնել է, որ ոսկին մաքսանենգ ճանապարհով տեղափոխվել է տարբեր երկրների միջև։

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, Մամեդովը չի ընդունել առաջադրված մեղադրանքները՝ դրանք որակելով «անհիմն»։

Նա նաև առարկել է այն փաստի դեմ, որ իրեն դատում են Բաքվում մի հանցագործության համար, որն իբր կատարվել է Ադրբեջանի սահմաններից դուրս։

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Մամեդովը պնդել է, որ ԱՄՆ-ից Թուրքիա է ժամանել 2024 թվականի նոյեմբերի 22-ին։

«Ստամբուլում նա պայմանավորվել է հանդիպել մեկ այլ ադրբեջանցու՝ Անար Գասիմովի հետ։ Նույն օրը Գասիմովը ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններից և իր հետ բերած ոսկու ձուլակտորներով պայուսակը թողել օդանավակայանի մաքսային հսկողության գոտուց դուրս գտնվող պահախցիկում»,- հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Օգտվելով իր դիվանագիտական անձնագրից՝ Մամեդովը չի հայտարարագրել ոսկին։ Իրավապահները Մամեդովին ձերբակալել են Ստամբուլում, երբ նա տաքսիով ուղևորվել էր Գասիմովի հետ հանդիպման։

«Ազատություն» ռադիոկայանը գրում է, որ, ըստ մեղադրական եզրակացության, օդանավակայանի պահախցիկում հայտնաբերվել է ևս մեկ պայուսակ՝ 14 կգ ոսկու ձուլակտորներով, որոնք նույնպես մաքսային հսկողություն չէին անցել։

Իրավապաշտպան Յալչին Իմանովը քննադատել է Մամեդովին վեց տարվա ազատազրկման դատապարտելու մասին երկուշաբթի օրը կայացված որոշումը։ Նա այն համեմատել է «ԱբզասՄեդիա» անկախ լրատվամիջոցի աշխատակիցների դատավճիռների հետ, որոնք ստացել են յոթուկեսից մինչև ինը տարվա ազատազրկում։

«Ներպետական օրենսդրությունը հավասար իրավունքներ ու ազատություններ է երաշխավորում բոլորի համար և արգելում է մարդու ու քաղաքացու իրավունքների սահմանափակումը, այդ թվում՝ քաղաքական կամ այլ խմբերի իրավունքները», — հայտնել է նա OC Media-ին։

«Այնուամենայնիվ, հաշվի առնելով մաքսանենգության մասշտաբները՝ նախկին պետական պաշտոնյան և աշխատակիցը ստացել են ավելի մեղմ պատիժ։ Այլ կերպ ասած՝ սա խտրական պետության վառ օրինակ է, որն իր քաղաքացիների նկատմամբ խտրականություն է դրսևորում՝ ելնելով նրանց քաղաքական հայացքներից ու պատկանելությունից։ Սա արգելված է թե՛ Ադրբեջանի ներպետական օրենսդրությամբ, թե՛ միջազգային կոնվենցիաներովորոնց միացել է երկիրը, մասնավորապես՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 14-րդ հոդվածով»։