Trump National Doral գոլֆ-հանգստավայրում տեղադրվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արձանը։ Այն պատրաստված է ոսկեզօծ բրոնզից։ Այս մասին հայտնել է Golfweek ամսագիրը։

«Այն շատ բարձր է և շատ ոսկեզօծ»,- արձանի մասին ասել է պրոֆեսիոնալ գոլֆիստ Մավերիկ ՄաքՆիլին։

Golfweek-ի տեղեկություններով՝ Ալան Քոթրիլի հեղինակած արձանը պատկերում է ԱՄՆ նախագահին 2024 թվականին նրա դեմ իրականացված մահափորձից հետո տեղի ունեցած դրվագում։ Արձանի բարձրությունը պատվանդանի հետ միասին կազմում է 6,7 մետր, իսկ առանց դրա՝ 4,5 մետր։

Թրամփը հայտնի է գոլֆի նկատմամբ իր մեծ սիրով։ Ինչպես մարտին հայտնել էր HuffPost պորտալը, հունվարի 20-ին Սպիտակ տուն վերադառնալուց ի վեր՝ Ֆլորիդայի գոլֆի դաշտերում ԱՄՆ առաջնորդի հանգիստն ավելի քան 18 միլիոն դոլար է արժեցել հարկատուների համար։ Նման բարձր ծախսերը պայմանավորված են խաղադաշտերի հսկայական տարածքով, ինչի պատճառով անվտանգությունն ապահովելու համար ներգրավվում են ոչ միայն ուժային կառույցների բազմաթիվ աշխատակիցներ, այլև ԱՄՆ առափնյա պահպանության նավերը։ Ըստ պարբերականի տվյալների՝ նախագահության առաջին ժամկետի ընթացքում Թրամփի գոլֆի խաղերի անվտանգության ապահովումն ընդհանուր առմամբ արժեցել է 151,5 միլիոն դոլար։