Հայաստանում 65 տարեկանից բարձր անձինք պետք է հնարավորություն ունենան շարունակելու իրենց աշխատանքը պետական ծառայության համակարգում։ Այս մասին ապրիլի 29-ին, Ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու և հարակից օրենքներում լրացումներ ու փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը։

Նրա խոսքով, եթե աշխատակիցը համապատասխանում է մասնագիտական ​​պահանջներին, ապա նա պետք է կարողանա շարունակել իր աշխատանքային գործունեությունը։

Նախկինում Աշխատանքային օրենսգրքից նման սահմանափակումը հանվել էր մասնավոր հատվածի աշխատողների համար, սակայն այն պահպանվել էր պետական կառավարման համակարգում։ «Այժմ խտրական բնույթ կրող այս դրույթը կհանվի։ Բացառություն կկազմեն իրավապահ մարմինների աշխատակիցները, որտեղ գնահատման կարևոր բաղադրիչներից մեկը նրանց ֆիզիկական վիճակն ու պատրաստվածությունն է»,- պարզաբանել է Քոչարյանը։

Կառավարության ներկայացուցիչը նշել է, որ ներկայացված փաստաթուղթը թույլ կտա լուծել նաև մի շարք ժողովրդագրական խնդիրներ։ «Հայաստանի բնակչությունը ծերանում է, և այսօր 65 տարեկան ու բարձր տարիք ունեցող անձինք գերակշռում են մինչև 15 տարեկան երիտասարդներին»,- ընդգծել է փոխնախարարը։

Որոշ քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունը ստացել է խորհրդարանական մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը։