Ֆրանսիան մտադիր է ավելի ակտիվորեն ներգրավվել Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերին և նպաստել երկրի տնտեսության դիվերսիֆիկացմանը։ Այս մասին ապրիլի 29-ին Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը։
Քննարկման առարկան 2018 թվականի մայիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև «Զարգացման ֆրանսիական գործակալության ու Տնտեսական համագործակցության և մասնակցության աջակցության ընկերության Հայաստանում հիմնադրման և գործունեության մասին» համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրության վավերացումն է։
Այս արձանագրությունը ստորագրվել է 2025 թվականի մայիսին և նպատակ ունի խորացնել հայ-ֆրանսիական հարաբերությունները։ Մասնավորապես, նախատեսվում է Հայաստանում հիմնել Զարգացման ֆրանսիական գործակալության (AFD) և Տնտեսական համագործակցության ու մասնակցության աջակցության ընկերության (PROPARCO) ներկայացուցչություններ։ AFD-ն կշարունակի ֆինանսավորել պետական հատվածը (ենթակառուցվածքներ, գյուղատնտեսություն, էներգետիկա), իսկ PROPARCO-ն՝ մասնավոր հատվածը։ Ներդրումները կիրականացվեն ֆինանսական կառույցների և ուղղակի ներդրումների միջոցով։
AFD խմբի կազմում իր գործունեությունը կծավալի նաև Expertise France-ը, որը հանդես է գալիս որպես տեխնիկական համագործակցության պետական գործակալություն։ «Դրա հիմնական գործունեությունն ուղղված է պետական կառավարմանն աջակցելուն, տնտեսության զարգացմանը, կայուն առաջընթացին և ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերի իրականացմանը։ Օրինակ՝ կոնյակի համար աշխարհագրական մակնշումների ստեղծումը», - պարզաբանել է Ավետյանը։
Որոշ քննարկումներից հետո օրենսդրական այս նախաձեռնությունը ստացել է խորհրդարանական հանձնաժողովի դրական եզրակացությունը։




























