Պատահական չէ, որ հենց այս օրերին է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն այցելել Հայաստան։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Պատգամավորը վերահաստատել է ընդդիմության այն թեզը, թե ներքին լեգիտիմություն և ժողովրդի աջակցությունը չունեցող Նիկոլ Փաշինյանն իր հույսը դրել է Ադրբեջանի վրա։ Խաչատրյանի խոսքով՝ իշխանությունների գլխավոր քարոզչական գիծն այն է, թե իբր խաղաղությունն արդեն հաստատված է, և եթե Փաշինյանը չլինի իշխանության ղեկին, ապա պատերազմ կսկսվի։

Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ ստեղծված իրավիճակում Հայաստանի իշխանություններին պետք է, որ Ադրբեջանը ևս հաստատի այս պնդումը։ Պատգամավորն ընդգծել է, որ Մուստաֆաևի այցի նպատակն է ցույց տալ, թե Երևանի և Բաքվի միջև, իբր, խաղաղություն է հաստատված։

«Բաքուն սա անում է, քանի որ քաջ գիտակցում է, որ հենց Փաշինյանը հեռանա, և Հայաստանում նոր իշխանություն ձևավորվի, վերջինս, ի տարբերություն Փաշինյանի, տեր է կանգնելու ազգային շահերին և չի կատարելու Ադրբեջանի հրահանգները։ Մուստաֆաևի այցի նպատակն է ցույց տալ, թե ամեն ինչ կարգին է, և քանի դեռ Փաշինյանն իշխանության է, հարաբերությունները բնականոն կլինեն։ Սակայն Բաքուն սա հենց այնպես չի անում. իրենց աջակցության դիմաց նրանք Հայաստանի իշխանություններից ինչ-որ բան կխլեն», - նշել է Խաչատրյանը։

Նա ենթադրել է, որ Հայաստանից նոր զիջումներ կորզելու պահանջները կարող են վերաբերել սահմանազատմանը, քանի որ Մուստաֆաևը համապատասխան հանձնաժողովի ադրբեջանցի համանախագահն է։ «Կարծում եմ՝ Մուստաֆաևը պնդելու է, որ սահմանազատումն իրականացվի այնտեղով, որտեղով անցնելու է պանթյուրքիստական միջանցքը։ Իշխանությունները թող հույս չունենան, թե սահմանազատումը, օրինակ, կսկսվի Ջերմուկից կամ հյուսիս-արևմուտքից, ինչպես նշված է երկկողմ աշխատանքային խմբի կանոնակարգում», - ընդգծել է պատգամավորը։

Արթուր Խաչատրյանը նաև նկատել է, որ Մուստաֆաևը հանդիպումներ է ունենում նաև գործարարների հետ։ Ըստ պատգամավորի՝ սա գուցե արվում է այնպիսի պատրանք ստեղծելու համար, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև բնականոն հարաբերությունների հաստատումը բիզնեսի նոր հնարավորություններ կբացի։ «Իսկ «բնականոն հարաբերություններ» ասելով՝ Ադրբեջանը հասկանում է Հայաստանի կողմից իր պայմանների անվերապահ ընդունումը», - եզրափակել է ընդդիմադիր գործիչը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստան է ժամանել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը։