Իրանի դեմ ռազմական գործողությունների ընթացքում Պենտագոնը ծախսել է Չինաստանի հետ պատերազմի համար նախատեսված իր 1100 հեռահար թևավոր հրթիռները։ Այս մասին գրում է The New York Times (NYT) պարբերականը՝ նշելով, որ զինանոցում մնացել է նմանատիպ զինամթերքի գրեթե նույնքան քանակություն։ Ամերիկյան բանակը կիրառել է նաև ավելի քան 1000 Tomahawk թևավոր հրթիռ, ինչը մոտ 10 անգամ գերազանցում է արտադրողներից տարեկան գնումների ծավալը։ Բացի այդ, գործի է դրվել ավելի քան 1200 Patriot որսիչ հրթիռ (որոնցից յուրաքանչյուրի արժեքը գերազանցում է 4 միլիոն դոլարը), ինչպես նաև ավելի քան 1000 Precision Strike և ATACMS հրթիռներ։ Սա հանգեցրել է «պաշարների տագնապալի ցածր մակարդակի», նշված է հրապարակման մեջ։

ԱՄՆ Կոնգրեսի և Պենտագոնի աղբյուրները NYT-ին հայտնել են, որ փետրվարի 28-ից ի վեր ամերիկյան ուժերն օգտագործել են շուրջ 1100 JASSM-ER հրթիռ (յուրաքանչյուրի արժեքը՝ մոտ 1,1 միլիոն դոլար)։ Բանակի տրամադրության տակ մնացել է մոտ 1500 նման հրթիռ, հավելել են թերթի զրուցակիցները։

«Իրանի հետ պատերազմը զգալիորեն սպառել է ամերիկյան զինված ուժերի զինամթերքի ընդհանուր պաշարները, — գրում է NYT-ը, — այն ստիպել է Պենտագոնին շտապ կարգով ռումբեր, հրթիռներ և այլ տեխնիկա տեղափոխել Մերձավոր Արևելք՝ Ասիայի և Եվրոպայի ռազմական հրամանատարությունների պատասխանատվության գոտիներից»։

Հոդվածի համաձայն՝ Սպիտակ տանն ու Կոնգրեսում արդեն բարձրաձայնում են, որ սա հարվածի տակ է դրել տարածաշրջանային ստորաբաժանումների մարտունակությունը (Ռուսաստանի և Չինաստանի հետ հնարավոր առճակատման ֆոնին)։ Ավելին՝ աղբյուրները պնդում են, որ Թրամփի վարչակազմում սկսել են կասկածներ հայտնել այն մասին, թե արդյոք Վաշինգտոնն ի վիճակի՞ կլինի պաշտպանել Թայվանը, եթե Պեկինը որոշի ներխուժել կղզի։

Պաշտոնյաների խոսքով՝ Պենտագոնի համար իրավիճակը բարդացնում է նաև այն, որ մինչև սպառված պաշարները համալրելու համար արտադրողներին վճարելը, նա ստիպված է սպասել Կոնգրեսի կողմից լրացուցիչ ֆինանսավորման հաստատմանը։ Պաշտոնյաների խոսքով՝ արտադրության փաստացի ընդլայնման ուղղությամբ մինչև այժմ որևէ տեղաշարժ չկա, նշում է NYT-ը։