Սքոթլենդ Յարդի հակաահաբեկչական ստորաբաժանումը հետաքննում է Լոնդոնի հյուսիսում տեղի ունեցած դանակահարությունը, որի հետևանքով տուժել են հրեական համայնքի երկու ներկայացուցիչներ։

Ոստիկանության տվյալներով՝ վիրավորում են ստացել մոտ 70 և 30 տարեկան տղամարդիկ։ Նրանց տեղում օգնություն է ցուցաբերվել, որից հետո նրանք տեղափոխվել են հիվանդանոց. վիճակը գնահատվում է կայուն։ Կասկածյալը 45-ամյա մի տղամարդ է, որը ձերբակալվել է սպանության փորձի մեղադրանքով և գտնվում է կալանքի տակ։ Այժմ իրավապահները պարզում են նրա ինքնությունը, քաղաքացիությունը և հնարավոր դրդապատճառները։

Քննությունը ստուգում է պատահարի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ ահաբեկչության հետ հնարավոր կապը։

Նշվում է, որ Իրանում հակամարտության սկզբից ի վեր Լոնդոնում հաճախակիացել են հրեական համայնքի հետ կապված օբյեկտների վրա իրականացվող հարձակումները։ Մասնավորապես, մարտի վերջին ներկայիս միջադեպի վայրի հարևանությամբ այրել էին «Հացալա» կազմակերպության շտապօգնության մեքենաները։ Ապրիլի սկզբին անհայտ անձը փորձել էր հրդեհել Jewish Futures բարեգործական հիմնադրամի շենքը։ Բացի այդ, Իսրայելի դեսպանատան մոտակայքում հայտնաբերվել էին կասկածելի առարկաներ։ Այս միջադեպերից մի քանիսի պատասխանատվությունը ստանձնել է Ashab al-Yamin խմբավորումը։