ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մեծ է հավանականությունը, որ ամերիկացի տիեզերագնացները վայրէջք կկատարեն Լուսնի վրա մինչև 2029 թվականը՝ իր նախագահական երկրորդ ժամկետի ավարտը։

Օվալաձև աշխատասենյակում «Արտեմիս-2» առաքելության անձնակազմի հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ լուսնային ծրագրի աշխատանքներն ընթանում են «ժամանակացույցից առաջ», և ԱՄՆ-ը այդ ծրագրերն իրականացնելու «հիանալի պատեհություն» ունի։

NASA-ի ղեկավար Ջարեդ Այզեքմանը հայտարարել է, որ գործակալությունը հետևում է իրատեսական ծրագրի. 2027 թվականին նախատեսված է «Արտեմիս-3» առաքելության մեկնարկը, իսկ 2028 թվականին Լուսնի վրա տիեզերագնացների վայրէջքի երկու հնարավորություններ են նախատեսված։

Նա միաժամանակ զգուշացրել է «լուսնային մրցավազքում» առկա մրցակցության մասին՝ շեշտելով տիեզերական ծրագրերի արագացման բացակայության դեպքում Չինաստանին զիջելու վտանգը։

«Արտեմիս-2» առաքելությունն ավելի վաղ հաջողությամբ իրականացրել էր թռիչք Լուսնի շուրջը, որից հետո «Օրիոն» պատիճը վայրէջք էր կատարել Խաղաղ օվկիանոսում։