ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) Պենտագոն է ուղարկել Մերձավոր Արևելքում Dark Eagle հիպերձայնային հրթիռներ տեղակայելու հարցում՝ դրանք Իրանի դեմ օգտագործելու նպատակով, հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Նրանց տվյալներով՝ հրամանատարությունը հայտարարել է ավելի մեծ հեռահարություն ունեցող համակարգի անհրաժեշտության մասին՝ Իրանի տարածքի խորքում գտնվող բալիստիկ հրթիռների արձակման կայանները խոցելու համար։ Հարցման մեջ նշվում է, որ Իրանը իր արձակման կայանները տեղափոխել է ամերիկյան բարձր ճշգրտության հրթիռների հասանելիությունից դուրս, որոնք կարող են խոցել թիրախներ մինչև 480 կմ հեռավորության վրա։
Bloomberg-ը նշում է, որ սա կարող է դառնալ առաջին դեպքը, երբ ԱՄՆ-ը իր հիպերձայնային հրթիռները կտեղակայի մարտական պայմաններում կիրառելու համար, սակայն միաժամանակ ընդգծում է, որ հարցումը հաստատվելու դեպքում ամերիկացի զինվորականները ստիպված կլինեն տեղակայել մի համակարգ, որը դեռևս չի ընդունվել բանակի սպառազինություն։
Գործակալության զրուցակիցների խոսքով՝ CENTCOM-ի հարցման վերաբերյալ որոշում դեռ չի ընդունվել։
ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի ռեժիմը գործում է ապրիլի 9-ից, սակայն հարցումից հետևում է, որ Վաշինգտոնը պատրաստում է նոր հարվածներ, եթե նախագահ Դոնալդ Թրամփը որոշի գնալ ավելի հեռու, ընդգծում է գործակալությունը։
Պենտագոնի տվյալներով՝ բանակի և նավատորմի սպառազինման համար մշակված LRHW (Long-Range Hypersonic Weapon) Dark Eagle հրթիռի հեռահարությունը կազմում է 3,5 հազար կմ։ Այն բաղկացած է արագացուցիչ բլոկից (կրողից) և հիպերձայնային սարքից, որը կարող է զարգացնել 5 Մախ արագություն (մոտ 6 հազար կմ/ժ)։ Սարքը կարող է մանևրել ըստ բարձրության և ուղղության, ինչը դժվարացնում է դրա հայտնաբերումը հակահրթիռային պաշտպանության համակարգերի կողմից։
Այս զենքը մշակվել է Չինաստանի և Ռուսաստանի ժամանակակից հակահրթիռային պաշտպանության համակարգերը հաղթահարելու համար։ Lockheed Martin Corp ընկերության արտադրած յուրաքանչյուր հրթիռ արժե մոտ 15 մլն դոլար, իսկ այս պահին արտադրվել է ընդհանուր առմամբ ոչ ավելի, քան ութ հատ, հայտնել է Bloomberg-ի աղբյուրը։
Պենտագոնի տվյալներով՝ ցամաքային համալիրի մարտկոցը բաղկացած է հրամանատարաշտաբային մեքենայից և չորս ծանր փոխադրիչներից, որոնցից յուրաքանչյուրն ունի հրթիռների համար նախատեսված երկու արձակման կոնտեյներ։




























