Սան Ֆրանցիսկոյից Սան Դիեգո թռչող ինքնաթիռը վայրէջքի պահին հայտնել է անօդաչու թռչող սարքի հետ վտանգավոր բախման մասին։ Այս մասին հայտնում է CBS News հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«United Airlines ավիաընկերության Սան Ֆրանցիսկո-Սան Դիեգո չվերթի անձնակազմը հայտնել է դրոնի հետ հնարավոր բախման վտանգի մասին»,- նշված է հոդվածում։

Նշվում է, որ Սան Ֆրանցիսկոյից առավոտյան մեկնած Boeing 737-ն արդեն վայրէջքի էր պատրաստվում, երբ անձնակազմը նկատել է կողքով անցնող անօդաչու սարքը։ Օդաչուն անմիջապես հայտնել է հնարավոր բախման մասին։ Օդաչուն նախապես զգուշացրել է տարածքում գտնվող մյուս օդանավերին, սակայն երկնքում այլևս ոչ մի դրոն չի նկատվել։

Չնայած պատահարին՝ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել, իսկ ուղևորներն իջել են բնականոն հունով։ Տեխնիկական զննման արդյունքում պարզվել է, որ օդանավը որևէ վնասվածք չի ստացել։