«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության այս տարվա զեկույցում Հայաստանը վատթարացրել է դիրքերը՝ 34-ից հայտնվելով 50-րդ տեղում: Նշվում է, որ չնայած Հայաստանի բազմազան մեդիա դաշտին, այն շարունակում է մնալ բևեռացված։
«Երկիրը բախվում է ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ մակարդակի, ինչը սնուցվում է ներքին քաղաքական լարվածությամբ, սահմանային անվտանգության խնդիրներով և Ռուսաստանի ու Եվրոպական միության միջև Հայաստանի բարդ դիրքով»,- գնահատել է միջազգային կազմակերպությունը:
Ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության՝ լրագրությունը որպես մասնագիտություն Հայաստանում հաճախ արժեզրկվում է և ենթարկվում ատելության խոսքի, քաղաքական գործիչները լրագրողներին մեղադրում են «կոռուպցիայի» կամ իրենց հակառակորդների շահերը սպասարկելու մեջ:
«Լրագրողները հաճախ ճնշումների, վիրավորանքների և բռնության են ենթարկվում ինչպես իշխանության ներկայացուցիչների, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական գործիչների և նրանց աջակիցների կողմից՝ խորհրդարանում, փողոցում և սոցիալական մեդիայում», - ասված է զեկույցում: Իրավապաշտպանները նկատում են, որ լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը հաճախ մնում են անպատիժ: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության այս տարվա զեկույցում դիրքերն ավելի է վատթարացրել հարևան Վրաստանը՝ 114-րդ տեղից իջնելով 135-րդը: Ադրբեջանը 171-րդ տեղում է, Թուրքիան՝ 163-րդ:
180 երկրների վերջին տասնյակում է նաև Ռուսաստանը՝ բռնապետական ռեժիմների շարքում՝ Հյուսիսային Կորեայի, Թուրքմենստանի, Աֆղանստանի հետ:
Ամենաազատ մամուլ ունեցող երկրների եռյակը գլխավորում են Դանիան, Նիդերլանդները և Էստոնիան:





























