Ռուսաստանում կստեղծեն փորձագիտական խորհուրդ՝ մուլտիմեդիա միջավայրում՝ ինտերնետում, գրքերում և կինոյում, պատմական բովանդակությունը գնահատելու համար։ Այս մասին բխում է ՌԴ կրթության նախարարության կողմից հաստատված կրթական կազմակերպություններում պատմական լուսավորության հայեցակարգից, գրում են «Վեդոմոստի»-ն։ Փաստաթղթի համաձայն՝ խորհուրդը կգործի Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի (ՄՊՄՀ) բազայի վրա։ Դրա կազմում պետք է ընդգրկվեն երկրի խոշորագույն բուհերի և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) ինստիտուտների առաջատար գիտնականներ ու գիտության ճանաչված հանրահռչակողներ։

Խորհրդի նպատակը կլինի կանխել «ոչ հավաստի» և «գիտականորեն չհիմնավորված» պատմական գիտելիքների, ինչպես նաև այն բովանդակության տարածումը, որը հակասում է «ավանդական ռուսական հոգևոր-բարոյական և մշակութա-պատմական արժեքներին» և կարող է «խարխլել քաղաքացիական ինքնության հիմքերը»։ Փաստաթղթում նշվում է, որ նախաձեռնությունն ուղղված է պատմական լուսավորության ոլորտում պետական քաղաքականության հիմքերի մասին նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրի իրագործմանը։

Մինչ այդ Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել էր օրինագիծ, որի շրջանակում ուժային կառույցները պետք է զբաղվեն «պատմական ճշմարտության խեղաթյուրման» կանխարգելմամբ։ Նախաձեռնությունը ենթադրում է նախազգուշացում հայտարարել այն գործողությունների անթույլատրելիության մասին, որոնք պայմաններ են ստեղծում իրավախախտման համար։ Բացի այդ, նրանց նկատմամբ, ովքեր արդեն պատասխանատվության են ենթարկվել ՔՕ-ի և ՎԻՎՕ-ի համապատասխան հոդվածներով, կսահմանվի կանխարգելիչ հսկողություն։ Օրինագծի բացատրական գրության մեջ ասվում էր, որ դրա նպատակը «Հայրենիքի պաշտպանության և պատմության կեղծման վերաբերյալ Ռուսաստանի ժողովուրդների ավանդական արժեքների խեղաթյուրմանն» ուղղված գործողությունների կանխումն է։

Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը ավելի վաղ պնդում էր, թե արևմտյան երկրները իբր փորձում են ստիպել ռուսաստանցիներին «մոռանալ, թե իրականում ով է հաղթել նացիզմին և կանգնեցրել Եվրոպայի ժողովուրդների ոչնչացումը գազախցիկներում և մահվան ճամբարներում», և խոստացել էր դա «թույլ չտալ»։ «Առաջարկվող որոշումը թույլ կտա ավելի արդյունավետ կերպով կասեցնել պատմության կեղծմանն ուղղված ապակառուցողական քարոզչությունը»,— մեկնաբանել էր նա օրենքի անհրաժեշտությունը։

Ապրիլի սկզբին Պուտինը ստորագրել էր օրենք «խորհրդային ժողովրդի ցեղասպանության ժխտման կամ արդարացման», ինչպես նաև «ցեղասպանության զոհերի հիշատակը վիրավորելու» համար քրեական պատասխանատվության մասին՝ Հայրենական մեծ պատերազմի տարիներին։ Համապատասխան փոփոխությունները կատարվել էին ՔՕ 354.1 հոդվածում (Նացիզմի վերականգնում)։ Խախտողներին սպառնում է մինչև 3 մլն ռուբլու տուգանք, հարկադիր աշխատանքներ կամ մինչև երեք տարվա ազատազրկում։ Լրացվել էր նաև 243.4 հոդվածը (Զինվորական հուղարկավորությունների, ինչպես նաև Հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանների ոչնչացում, վնասում կամ պղծում)։ Դրա առավելագույն պատիժը հինգ տարվա ազատազրկումն է։