Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Տավուշի մարզ աշխատանքային այցի երկրորդ օրը՝ ապրիլի 27-ին, այցելել է Դիլիջանի նոր կառուցվող միջազգային դպրոց, դիտել շինարարական աշխատանքների ընթացքը:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հունիսին կսկսվեն Դիլիջանի միջազգային դպրոցի շինարարական լայնածավալ աշխատանքները: Դիլիջանի միջազգային դպրոցի կառուցման նախագիծը ծրագրված է ավարտել 2016թ.: Դպրոցը նախատեսված է 13-18 տարեկան 650 աշակերտի համար:
Աշխատանքային այցի ընթացքում Սերժ Սարգսյանին զեկուցվել է նաեւ ՀՀ կենտրոնական բանկի «Դիլիջան» ուսումնահետազոտական կենտրոնի, Դիլիջանի քաղաքային գրադարանի, «Դիլիջան» ուսումնահետազոտական կենտրոնի բազմաբնակարան շենքի շինարարական աշխատանքների ընթացքի մասին: Տավուշի մարզ աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահին զեկուցվել է մարզում 2012-2013թթ. իրականացվելիք գազաֆիկացման աշխատանքների մասին:
Տավուշի մարզից նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնել է Լոռիի մարզ, որտեղ Հանրապետության ղեկավարի աշխատանքային այցը մեկնարկել է Վանաձորի «Գլորիա-Սարտիս» կարի ֆաբրիկա այցելությամբ: Նա ծանոթացել է ֆաբրիկայում իրականացված աշխատանքներին ու զարգացման ծրագրերին: Նախագահը մասնակցել է երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանամուտի արարողությանը, այցելել Արեւաշող համայնքում բնակարանամուտը տոնող Թադեւոսյանների ընտանիքին պատկանող նորակառույց տուն: Թադեւոսյանների ընտանիքից բացի, բնակարանների հավաստագրեր են ստացել նաեւ Արեւաշողի եւս 28 ընտանիք, իսկ նույն օրն ավելի ուշ հավաստագրեր կստանան եւս 13 համայնքի 170-ից ավելի ընտանիք: Նախագահը Արեւաշող համայնքում այցելել է համայնքային կենտրոնի շինհրապարակ եւս, ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին:





























